«Շատ քիչ հագուստ կա, որ կարող է համապատասխան չլինել ինձ»․ մոդել Հայկուհի Բալբաբյանի ֆոտոշարքն ու նորաոճ look-երը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շատ քիչ հագուստ կա, որ կարող է համապատասխան չլինել ինձ»․ մոդել Հայկուհի Բալբաբյանի ֆոտոշարքն ու նորաոճ look-երը. life.tert.am

Մոդել Հայկուհի Բալբաբյանը լուսանկարվել է Tert.am Life-ի ֆոտոշարքում՝ ներկայացնելով երեք նորաոճ look: Հայկուհու հետ զրուցել ենք նաև մոդելինգով զբաղվելու, արտերկրում համագործակցությունների և սեքսուալ տեսք ունենալու գաղտնիքների մասին։

Հայկուհին ասաց, որ այս ոլորտում է արդեն 15 տարի, ապա ծիծաղելով նշեց, որ երբեմն իրեն տալիս են «հին մոդելներից» է որակումը։

«Սա ինձ համար սիրելի ոլորտ է, դրա համար էլ այսքան տարի ասպարեզում եմ ու դեռ շարունակելու եմ լինել։ Գրեթե բոլոր հայ դիզայներների հետ աշխատել եմ,-ասաց Հայկուհին ու հավելեց,- տպավորիչ աշխատանքներս, իհարկե, արտասահմանյան համագործակցություններս են եղել՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում, ինձ համար շատ կարևոր ու հիշարժան էր, երբ Ֆրանսիայում նկարվեցի «Փարիզ» ամսագրի համար։ Սակայն Հայաստանում ևս եղել են հետաքրքիր համագործակցություններ, օրինակ՝ վերջերս մասնակցում էի մի ցուցադրության, որտեղ ամեն ինչ թատերական էր, բեմադրական։ Ինձ տպավորել էին բուռն ծափահարությունները, որովհետև հաճախ չէ, երբ մոդելներն արժանանում են նման ծափահարությունների՝ սովորաբար մարդիկ գալիս են ու միայն հետևում դեֆիլեին»։

Աշխատանքի բերումով մոդելն իրեն փորձում է գրեթե բոլոր ոճերում, նախընտելի ոճ չունի, ըստ նրա, սիրում է հագնել միայն այն, ինչն իրեն համապատասխանում է․ «Ես երբեք չեմ հագնում այն, ինչ ինձ չի սազում։ Շատ քիչ բաներ կան, որոնք կարող են ինձ համապատասխան չլինել: Բարեբախտաբար, կարող եմ ինձ թույլ տալ հագնել ամեն ինչ։ Ներկայումս նորաձև է, երբ համադրում են սպորտային կոշիկները դասական պիջակի հետ: Սա ինձ շատ հետաքրքիր է ու չեմ կարող չփորձել, որովհետև, լինելով ոլորտում, աշխատում եմ հնարավորինս հետևել նորաձևությանը»։

Հայկուհու խոսքով՝ իր հասակը 1․77 սմ է, քաշը՝ 60 կիլոգրամ: Նա ունի գեղեցիկ լինելու իր բանաձևը: «Ամենակարևորը, որ կարող է գեղեցկացնել կնոջը, խնամված տեսք ունենալն ու կանացի լինելն է։ Շատ եմ կարևորում նաև կնոջ շարժուձևը, պահվածքը, խոսելաոճը։ Ինչ վերաբերում է սեքսուալությանը, գեղեցիկ կազմվածքը, կարծում եմ, կարող է կնոջը սեքսուալ տեսք հաղորդել։ Եվ, իմիջիայլոց, բաց հագուստը, երբեք չի կարող սեքսուալ տեսք հաղորդել, որովհետև չափից դուրս բացվածքը, վստահաբար, գռեհկացնում է կնոջ տեսքը»։

Ինքն իրեն Հայկուհին սեքսուալ համարում է, սակայն ասում է, որ իրեն դուր չի գալիս, երբ ուրիշներն են ասում այդ մասին․ «Իմ հասցեին հաճախ եմ լսում, որ շատ սեքսուալ եմ, բայց դա ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Ես նախընտրում եմ իմ հասցեին լսել «կանացի», քան «սեքսուալ» բնորոշումը»։

 

 

 

 

 

 

 

Ամբողջությամբ՝ life.tert.am