
Առողջապահության նախարարությունը մտադիր է պետական բյուջեից լրացուցիչ մոտ 45 մլրդ դրամ ուզել՝ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունն անվճար դարձնելու նպատակով: Այս մասին այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․
«2020 թվականի բյուջեն եւս 16 մլրդ դրամով պետք է ավելացվի, ինչն աննախադեպ թիվ է Հայաստանի անկախ պատմության ընթացքում: Բայց մենք դրանով էլ չենք բավարարվում, պահանջելու ենք շատ ավելացում, մեր հավելյալ պահանջը 45 մլրդ դրամ է: Ցանկություն կա անվճար բուժօգնությունը երեխաների համար դարձնել մինչեւ 18 տարեկան, ոչ թե 7 տարեկան»,- նշեց նախարարը:
Թորոսյանը հայտնեց, որ ընթացիկ տարում նախարարության բյուջեն արդեն 9 մլրդ դրամով ավելացել է: