Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է «Շանթ» հեռուստաընկերության և X Factor նախագծի չորրորդ եթերաշնջանի մասնակից Դավիթ Չախալյանի միջև առաջացած խնդրի մանրամասներն ու կողմերի արձագանքները։ Դատարանը բավարարել է հեռուստաընկերության հայցը բոլոր կետերով և Դավիթ Չախալյանին տուգանել 12.5 մլն դրամի չափով։
Tert.am Life-ը թեմայի վերաբերյալ զրուցել է նաև X Factor նախագծի չորրորդ եթերաշրջանի ժյուրիի անդամ Շուշանիկ Արևշատյանի հետ, որի թիմում էլ ներկայանում էր Դավիթը։ Մեզ հետ զրույցում Դավիթը նշել էր, որ հեռուստաընկերությունը, որպես խախտում, նշել է իր մասնակցությունը՝ Շուշանիկ Արևշատյանի կազմակերպված Van Music Awards-ին, մինչդեռ Դավթի խոսքով՝ ինքը միայն որպես հյուր է մասնակցել միջոցառմանը, կոմերցիոն նպատակ չի հետապնդել։ Ընդ որում՝ մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև նախագծի այլ մասնակիցներ: Հեռուստաընկերությունը մեր հարցմանը չի պատասխանել: Այս մասին խոսեցինք նաև Շուշանիկ Արևշատյանի հետ:
Նա ևս նշեց, որ ինքն այդ երեկոյին հրավիրել էր իր թիմի բոլոր անդամներին և մի քանի այլ մասնակիցների՝ բոլորն այդ օրը ներկա են եղել միջոցառմանը։
«Դավիթ Չախալյանը Van Music Awards-ին երբևիցե չի եղել որպես մասնակից։ Ես, ինչպես իմ թիմի մյուս մասնակիցներին, այնպես էլ Դավթին հրավիրել եմ ուղղակի ներկա գտնվելու միջոցառմանը։ Նույն նախագծից մեր մրցանակաբաշխությանը ներկա են եղել և՛ Տյոմը, և՛ Վահրամ Յանիկյանը, և՛ Հարություն Հակոբյանը, ինչպես նաև Էմմանուելը, որն իմ խմբից չէր։ Բոլորը հրավիրված էին և բոլորն էլ ելույթ ունեցան։ Մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընգծել՝ համերգը բարեգործական բնույթ էր կրում և ողջ հասույթը տրամադրվել է քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին»,- ասաց տկն Շուշանիկը՝ հավելելով, որ իր թվարկած բոլոր մարդիկ նույն նախագծի նույն եթերաշրջանի մասնակիցներ էին։
Շուշանիկ Արևշատյանի խոսքով՝ նախագծի մասնակիցներին այդ համերգին հրավիրել է այնպես, ինչպես կհրավիրեր իր տարեդարձին, եթե այն տոնելու լիներ քաղաքի ակումբներից մեկում․ «Եթե ես իմ ծննդյան օրը նշեի որևէ ակումբում, նրանք գային, ինձ համար երգեին, որպես իմ հյուր, այդ ամբողջը նկարահանվեր ու հայտնվեր համացանցում, «Շանթ»-ը դա է՞լ պետք է համարեր պայմանագրի խախտում։ Դավիթը մրցույթի չի մասնակցել, կոմերցիոն ինչ-որ համերգի չի երգել՝ ինքն ուղղակի նախագծի մյուս մասնակիցների հետ հրավիրված է եղել և, հատկապես, որ այն ինչ անում էինք բարեգործական հիմունք ուներ՝ առանց շահույթ հետապնդելու»։
Վերջինիս խոսքով՝ ինքն այս թեմային պարբերաբար արձագանքել է, ավելին՝ դիմել է «Շանթ» հեռուստաընկերության իր գործընկերներին: «Ես Դավիթ Չախալյանի և այդ թեմայի հետ կապված երևի մի հինգ անգամ նամակ եմ գրել «Շանթ»-ին ու ամեն բան իրենց բացատրել եմ ամենայն մանրամասնությամբ։ Դիմելով իրենց՝ հաշվի եմ առել, որ իմ գործընկերներն են, ավելի վատ, որ իրենք, լինելով իմ գործընկերը, այդպես կենտրոնացան Van Music Awards-ի վրա, և դա այդքան շահարկվեց։ Ուրիշ հարց է, եթե Դավիթը մասնակցեր այլ հեռուստաընկերության նմանատիպ նախագծի, ես կհամարեի, որ նրանք ճիշտ են նկատում, բայց կոնկրետ մեր մասով ասեմ, որ խոսքը փոքր ռադիոկայանի մրցանակաբաշխության մասին է, որն անցկացվել է ակումբային ձևաչափով և բացի Դավթից միջոցառմանը ներկա են եղել նախագծի այլ մասնակիցներ ևս»,- ընդգծեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am