ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Զարեհ Սինանյանին նշանակելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,- նշված է որոշման տեքստում:
Զարեհ Սինանյանը ծնվել է Երևանում, կրթությունը ստացել է նախ Երևանում, ապա ԱՄՆ Բըրբանք քաղաքում:
1997թ. նա քաղաքագիտության և պատմության բակալավրի աստիճան է ստացել UCLA-ից, այնուհետև ավարտել է USC-ի իրավագիտության դպրոցը: 2001թ-ից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
2014-2015 թվականներին զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը, օրերս դադարեցրել էր լիազորությունները Գլենդելի քաղաքային խորհրդում: Զարեհ Սինանյանն ամուսնացած է, ունի չորս երեխա: