Պատանի հայ դաշնակահարուհի, Ախալքալաքի Մունիցիպալիտետի երաժշտական դպրոցի սան Անահիտ Ստելմաշովային, ով համաշխարհային դասականների բազմաթիվ ստեղծագործությունների իր փայլուն կատարումներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, տպավորել է հատկապես Ախալքալաքի և Կումբուրդոյի մետրոպոլիտի նստավայրում կայացած իր մենահամերգը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում դաշնակահարուհու հայրը՝ Կարեն Ստելմաշովը նշեց, որ մենահամերգը կազմակերպվել էր հատուկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու համար՝ Ախալքալաք երկօրյա այցի շրջանակներում:
«Համերգի ավարտից հետո Անահիտն իր սիրելի ճարմանդը հանել է բաճկոնից և փոխանցել այն Վրաստանի նախագահին: Հաջողության թալիսմանը նախագահը մեծ հաճույքով է ընդունել»,- պատմեց հայրը:
Նա նշեց, որ Վրաստանի նախագահին շատ են դուր եկել Անահիտի կատարումները: «Նա նույնիսկ խնդրում էր, որ Անահիտը նույն ստեղծագործությունը երկրորդ անգամ կատարի»,- ասաց Կարեն Ստելմաշովը:
Սալոմե Զուրաբիշվիլիի համար Անահիտը մենահամերգ կազմակերպելու առաջարկն ստացել է Թբիլիսիում՝ քահանայապետ Նիկոլոզից, երբ ելույթ էր ունենում Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդի նստավայրում: