ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս կառավարության աշխատանքը երբեք նախորդի աշխատանքի հետ չի համեմատի: Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին նվիրված մամուլի ասուլիսում Deutsche Welle-ի լրագրողը հետաքրքրվեց՝ կարող է արդյոք Մոգերինին այս կառավարության աշխատանքը նախորդի հետ համեմատել: «Լավ փորձ է, բայց ես երբեք մի կառավարությունը մյուսի հետ չեմ համեմատի:
Ես կարող եմ հստակ և առանց ստվերի գնահատել այս տարվա ընթացքում կատարված աշխատանքը և ես կարող եմ այն գերազանց գնահատել»,- ընդգծեց նա:
Մոգերինին հավելեց, որ թե իր, թե արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից, որն արվել է Խորհրդի արդյունքների հիման վրա, ակնհայտ է, որ կողմերը անցյալ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել:
Նա ընդգծել է, որ Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը լավ է ընթանում: «Ես չեմ համեմատի, բայց այսօր կատարվող աշխատանքը կարելի է որպես գերազանց որակել»: