Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես չգիտեմ, թե ով է վարչապետ Փաշինյանի գլուխը մտցրել այն կեղծ ճշմարտությունը, իբրև թե «իզմ»-երն այլևս տեղ չունեն ժամանակակից աշխարհում, բայց մի բան հստակ է․ այդ մարդը հանցագործություն է գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Խնդիրն այն է, որ վարչապետը չունի հասարակագիտական լուրջ գիտելիքներ, ինչի հետևանքով էլ ցանկացած մոլորություն կարող է նրան գայթակղիչ թվալ։ «Իզմ»-երի նկատմամբ անտագոնիզմը հետևանք է համաշխարհային պատմության և իմաստասիրական մտքի սխալ ընթերցանության։ Իսկ դրա հետևում կանգնած են գաղափարազուրկ տեխնոկրատները։ Նրանց համար պետությունը կորպորացիայի կարգավիճակ ունի, իսկ քաղաքացիները՝ կորպորացիայի աշխատակիցների, որոնք պետք է կառավարվեն ինչ-որ արդյունավետ մենեջերի կողմից։
Իհարկե սա մոլորություն է, քանի որ պետությունը շատ ավելի բարդ ու խճճված համակարգ է, այն չի կարող ինչ-որ պարզունակ կորպորացիայի կարգավիճակ ունենալ։
Վարչապետն ու նրա կողմնակիցները պետք է ի վերջո հասկանան, որ «իզմ»-ը ինքնանպատակ չէ։ Կառավարությունն ու ՔՊ-ն պետք է հստակ ուրվագծեն իրենց գաղափարական դոկտրինն ու առհասարակ պատկանելիությունը, քանի որ հանրությունը վերջապես պետք է հասկանա, թե ինչ ճակատագրի են արժանանալու հանքերն ու ռազմավարական ձեռնարկությունները, հանրային տրանսպորտը, կրթությունը, առողջապահությունը և մնացյալ ոլորտները: Ոչ ոք չի պահանջում, որ վարչապետն ու նրա քաղաքական թիմը դառնան այս կամ այն գաղափարախոսության մոլեռանդ հետևորդները: Մարդիկ ընդամենը գործունեության, ճանապարհային քարտեզի, աշխարհայացքի ու գաղափարների հստակեցում են ակնկալում: Հենց այս ամենի համար են նախատեսված այդ անիծյալ ու չարչրկված «իզմ»-երը։
Չկա այնպիսի մի լուրջ փիլիսոփա կամ էլ հասարակագետ, որը կարող է պնդել և հիմնավորել, թե «-իզմ»-երի ժամանակաշրջանն անցել է: Նիկոլ Փաշինյանը պետք է վերանայի իր այս չհիմնավորված մոլորությունն ու պետության, ինչպես նաև հանրույթի զարգացման գաղափարական առանձնահատկությունների վերաբերյալ առավել հիմնավոր տեսակետներ ներկայացնի:
Եթե նա շեշտը չդնի գաղափարների վրա, ապա ոչ միայն կառավարության քաղաքականությունն է տեղափոխվելու անսկզբունքայնության տիրույթ, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ շարունակելու է քարշ գալ իր չհիմնավորված ու ամորֆ գոյությամբ, ինչպես Հայաստանի պատմության մյուս երջանկահիշատակ կուսակցությունները։
Չի կարելի առավոտյան լինել սոցիալիստ, կեսօրին՝ լիբերալ, իսկ երեկոյան էլ՝ ազգայնական: Մոտեցումն այս ցանկացած իշխանության կարող է փոխակերպել հիբրիդային հրեշի, որը որոշումներ է կայացնում պահի թելադրանքով ու անհրաժեշտությամբ, առանց ծրագրի ու ճանապարհային քարտեզի:
Ինչ-որ մի օր Փաշինյանը արթնանալու է քնից ու զարմանքով հայտնաբերելու, որ ինքը մենակ է, կողքին ոչ ոք չկա: Բանից պարզվելու է, որ երբեմնի նվիրյալ թիմակիցները միացել են մեկ այլ ավելի ազդեցիկ քաղաքական ուժի, քանի որ անսկզբունք էին ու անգաղափար, քանի որ չունեին «իզմ»-երով ուրվագծված կոնկրետ աշխարհայացք: Ինչպես կոմունիստ ՀՀՇ-ականները, ՀՀՇ-ական Հանրապետականները և ՀՀԿ-ական հեղափոխականները:
ՔՊ-ի կուսակցական բյուրոկրատներին թող հանկարծ չթվա, թե հեղափոխությունը կուսակցությունն է իրականացրել։ Կուսակցությունը ոչինչ էլ չի արել, քանի որ հեղափոխության մեկնարկին այն որպես համակարգ գոյություն չուներ։ Հիմա էլ գոյություն չունի, ավելի շուտ գոյությունը հիմնավորված է իշխանության ղեկին լինելու հանգամանքով և ոչ ավելին։
Եվ վերջում ավելացնենք, որ հրաժարվել «իզմ»-երից նշանակում է կամովին հայտնվել որակապես այլ «իզմ»-երի գրկում, որոնք են՝ պոպուլիզմը, դեմագոգիան, տաֆտալոգիան և պատեհապաշտությունը։
Ասվածի վառ ապացույցը տնտեսական հեղափոխության մասին անպատասխանատու պոպուլիստական հայտարարություններն են, երբ բոլորը խոսում են դրա մասին, բայց չեն կարողանում սահմանել գործընթացի բովանդակությունն ու էությունը։
Հ․Գ Հատուկ անհասկացողների համար ուզում եմ ավելացնել, որ քննադատական այս ակնարկը կապ չունի իմ և կառավարող ուժի կոնֆլիկտային փոխհարաբերությունների, աշխատանքից ազատվելու և այլ անձնական գործոնների հետ։ Ես ՔՊ-ին քննադատել եմ դեռևս հեղափոխությունից շատ առաջ, դրա ստեղծման պահին և ավելորդ չէ նկատել, որ քննադատել եմ հենց այս նույն պատճառով՝ քաղաքական անսկզբունքայնության և հասարակագիտական ամորֆ պատկերացումների համար։ Պատահական չէ, որ նույնիսկ նրանց հետ աշխատելու կարճ ժամանակահատվածում երբևէ մտքովս չի անցել անդամագրվել այդ քաղաքական ուժին»։