Ինչպես հայտնի է, ««Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ դեռևս 2019 թ. հունվարից մշակվում է «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի առաջին տարբերակը շուտով կդրվի հանրային քննարկման:
Հայաստանյան կինոհամայնքի բազմաթիվ ներկայացուցիչների, պրոֆեսիոնալ գիլդիաների անդամների, ֆիլմարտադրող և այլ ընկերությունների հետ հանդիպումների, ավելի քան 25 ֆոկուս-խմբային քննարկումների արդյունքում պրոֆեսիոնալ մասնագիտական խմբի կողմից ստեղծված օրենքի նախագիծը հանրային քննարկումների փուլից առաջ ներկայացվեց նաև առաջին միջազգային փորձագիտական քննարկմանը:
Օրերս աշխատանքային խումբը՝ նախագծի ղեկավար, «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյան, նախագծի համակարգող, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյան, «ԼեգալԼաբ» իրավաբանական խմբի ղեկավար Նարեկ Աշուղաթոյան,
«Տեր-Տաճատյան» իրավաբանական խմբի անդամ, կինոյի որակավորված փորձագետ Անդրանիկ Վահանյան, կինոպրոդյուսեր, կինոյի փորձագետ
Մելիք Կարապետյան (խմբի անդամ, պրոդյուսեր, ռեժիսոր, «Բարս Մեդիա» ընկերության փոխնախագահ
Իննա Սահակյանը գործուղումում էր) երեք հանդիպում ունեցավ նախագծի աշխատանքային գրաֆիկով Հայաստան հրավիրված միջազգային փորձագետ, պրոդյուսեր, «Եվրիմաժում» Լեհաստանի ներկաայցուցիչ ԻՐԵՆԱ ՍՏՇԱԼԿՈՎՍԿԱՅԻ հետ:
Բոլոր երեք օրերի աշխատանքային ռաունդների ընթացքում, որոնք տեղի ունեցան Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, «Տեր-Տաճատյան» իրավաբանական խմբի գրասենյակում, հանգամանորեն քննարկվեցին օրենքի հայաստանյան նախագծի բոլոր դրույթները:
Հատկապես հետաքրքրական խոսակցություն տեղի ունեցավ միջազգային օրենսդրության, համատեղ արտադրությունների, Եվրոպական շուկաների, Եվրոպական համատեղ արտադրության կոնվենցիայի, կինոարտադրությունում հեռուստաընկերությունների մասնակցության Եվրոպական փորձի և այլ խնդիրների շուրջ:
Սա դեռևս սկիզբն է…