Թուրքիայի Իգդիր նահանգի տարածքում վարժանքներ են անցկացվել, որոնց շրջանակում մշակվել են պաշտպանական միջոցներ` Մեծամորի ԱԷԿ–ում հավանական վթարի հետևանքները վերացնելու համար։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Մեծամորի ԱԷԿ–ը գտնվում է թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ։
Պարբերականը գրում է, որ վարժանքների շրջանակում գործողություններ են մշակվել թուրքական 8 սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավանական քիմիական, կենսաբանական և ռադիացիոն վտանգից պաշտպանելու համար։
Սցենարի համաձայն` Մեծամորի ԱԷԿ–ում տեղի ունեցած «վթարից» հետո Ալիջան և Իգդիր գյուղերի բնակիչները տարհանվել են վրանային ճամբար, որը տեղակայված է Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տարածքում։
Տարհանմանը ներգրավվել են շտապօգնության բրիգադները, Ազգային բժշկական փրկարար թիմը (UMKE) և ժանդարմերիան։
Տուժածներին զննել են բժիշկները և ախտորոշիչ, բուժիչ ու կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել։
Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային հարթակներում մշտապես հայտարարում են, որ Մեծամորի ԱԷԿ–ը վտանգավոր է, և պահանջում են փակել այն։
Սակայն մասնագետները (այդ թվում` օտարերկրյա) միաձայն պնդում են, որ ԱԷԿ–ը համապատասխանում է անվտանգության ժամանակակից չափանիշներին։ Բացի այդ, դեռ 2016 թվականին Ռուսաստանի օգնությամբ աշխատանքներ են իրականացվում ԱԷԿ–ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար։