Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված Հայաստանում երաժշտական միջազգային փառատոն կանցկացվի։ Դրա վերաբերյալ որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ փառատոնի շրջանակում համերգներ կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, ինչպես նաև Ստեփանակերտում (Արցախի կառավարությունն ուրախությամբ է ընդունել այս նախաձեռնությունը)։
Փառատոնին կհրավիրվեն երաժիշտներ, որոնք Հայաստանում և արտերկրում պարբերաբար հնչեցնում են մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները։
Մանսուրյանը բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ Հայաստանում համաժողովրդական ճանաչում ունեն նրա ստեղծագործությունները, որոնք հնչում են «Աշնան արև», «Կտոր մը երկինք» և այլ ֆիլմերում։
Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին 50 միլիոն դրամ հատկացվեց կառավարության պահուստային ֆոնդից։