Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կմեկնարկեն Եվրոպական 2-րդ խաղերը, որի շրջանակում կանցկացվի նաեւ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մրցումային առաջին օրը ռինգ դուրս կգա Հայաստանի հավաքականի 2 բռնցքամարտիկ՝ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
23-ամյա Հենրիկ Սարգսյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է: 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թվականի աշխարհի ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր:
21-ամյա Գուրգեն Հովհաննիսյանը 2014 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր է, 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության եւ 2018 թվականի աշխարհի ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր, 2019 թվականի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն:
Մեր 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակի դեպքում դուրս կգան 1/8 եզրափակիչ: