Երեկ Ազգային Ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը դատավորի երդում տվեց։
Վահե Գրիգորյանն ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ է ստանձնելու ՍԴ դատավորի պաշտոնը և այդ պաշտոնում ունենալու է մեկ նպատակ՝ կատարել այսօր իր երդմամբ ստանձնած պարտավորությունները։
Նա նաև նշեց, որ Սահմանադրական դատարան մուտք է գործում որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր (որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է)` ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։
Նորընտիր դատավորի հայտարարությունը անակնկալ էր շատերի համար։ Հայտարարությանը նախապես անծանոթ են եղել նաև ԱԺ իշխող խմբակցության անդամները։ Պատահական չէր, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անակնկալի է եկել հայտարարությունից․«Ինձ համար անակնկալ էր Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ստանձնելու հետ կապված»,-ասել է Մակունցը։
Վահե Գրիգորյանի հայտարարությունը անակնկալ չի եղել միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների համար։ Սա է վկայում Տեր-Պետրոսյանի թիմակից, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը, որը նա արել է օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում։ Ջհանգիրյանը, մասնավորապես, ասել էր․«․․․Բայց ես կարծում եմ՝ ՍԴ-ում այդ գործը չի քննվի, փակագծերը հիմա չեմ բացում: Համենայնդեպս, այս կազմով ՍԴ-ն Քոչարյանի գործը չի քննի»:
Ջհանգիրյանի հայտարարությունը գալիս է ապացուցելու շաբաթներ առաջ մեր հոդվածներից մեկում նշված այն թեզը, որ Տեր-Պետրոսյանի թիմը վերցնում է դատական իշխանությունը։ Եվ, եթե իշխանությունների հետ է պլանավորվել այս ակցիան, ապա լավ կլինի՝ վարչապետ Փաշինյանը անկեղծ գտնվի և հանրությանը տեղեկացնի, որ դատական իշխանությունը հանձնում է իր քաղաքական կնքահորը՝ Տեր—Պետրոսյանին։ Իսկ եթե Փաշինյանի իշխանության մեջքի հետևում է այս պլանը գծվել, ապա լավ կլինի՝ վարչապետը սկսի գրել իր «Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարի 7-րդ մասը, որտեղ կմանրամասնի, թե ինչ կերպ է պլանավորվել և իրագործվում այս դավադրությունը։ Վարչապետը պետք է նաև հետևություններ անի, քանի որ ՍԴ իշխանությունը ուզուպացնելուց հետո նոր հնարավորություններ են ստեղծվում հենց Փաշինյանին հեռացնելու համար։