ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեցին համերգի մասնակիցներն ու կազմակերպիչները: «Գյումրու համերգն ինձ համար շատ նշանակալի է և կարևոր, քանի որ արմատներով այնտեղից եմ և լավ հիշողություններ ունեմ: Համերգի առաջին մասում ներկայացված ստեղծագործություններից շատերն առաջին անգամ կհնչեն Հայաստանում, իսկ երկրորդ մասում կներկայացվի «Ռեքվիեմը»,- նշեց Տիգրան Մանսուրյանը:
Կոմպոզիտորն ասաց, որ կարևորում է Հասմիկ Պապյանի և Ռոբերտ Մլքեյանի հետ համագործակցությունը: «Միշտ վայելել եմ Պապյանի` մեծ մարդու բարեկամությունը, որը համերգին կկատարի «Զուգահեռ երգեր» ծավալուն գործը, իսկ Մլքեյանի հետ վաղուց ենք աշխատում և նա մեծ դեր է խաղացել իմ «Ռեքվիեմի» կայացման գործում»,- շեշտեց Մանսուրյանը: