«Ես չէի հասկանում, թե ինչ պետք է խոսեմ և ասացի ինչ-որ տխմարություն». Մեսսիի անկեղծ զրույցը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես չէի հասկանում, թե ինչ պետք է խոսեմ և ասացի ինչ-որ տխմարություն». Մեսսիի անկեղծ զրույցը

Ամերիկայի գավաթի խաղարկության մեկնարկից մեկ շաբաթ առաջ (այն մեկնարկել է հունիսի 14-ին) Մեսսին անսպասելիորեն բաց և անկեղծ խոսել է «TyC Sport» հեռուստաալիքի լրագրողների հետ: Նա խոստովանել է, թե ինչպես էր հուզվում, երբ առաջին անգամ ստացավ ավագի թևկապը, պատմել է Գվարդիոլայի մասին նոր պատմություն և ծիծաղել՝ խոսելով իր երեխաների ֆուտբոլային նախասիրությունների մասին: Այս հարցազրույցը անսպասելի էր, քանի որ Մեսսին հազվադեպ է խոսում անձնական կյանքի և զգացմունքների մասին:

«Ես ավարտեցի մրցաշրջանը հոգնած ու հիասթափված ոչ թե ֆիզիկական վիճակի պատճառով, այլ իմ ներքին վիճակից ելնելով: Հատկապես վերջին շաբաթներին, երբ մենք դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից: Ես ֆիզիկապես հանգստացել եմ արդեն, բայց այս մրցաշրջանում ես ավելի քիչ րոպեներ եմ խաղացել, քան սովորաբար»,- ասել է Մեսսին:

Ամերիկայի գավաթում հնարավորությունների մասին.

– Ինչպես միշտ, մարտական և հաղթական ենք տրամադրված, բայց Արգենտինան փոխվում է, շատ խաղացողների համար սա առաջին պաշտոնական մրցաշարն է: Մենք հաղթողների թեկնածուներ չենք, մենք ֆավորիտներ չենք, բայց նախորդ անգամների պես փորձելու ենք նվաճել գավաթը:

Առաջին անգամ ավագի կարգավիճակով խաղալու մասին.

Մեսսին առաջին անգամ ստացել է ավագի թևկապը 2010 թվականի Աշխարհի առաջնության՝ Հունաստանի հետ խաղի ժամանակ:

– Ես ստացա ավագի թևկապը հանդերձարանում և պետք է ինչ-որ բան ասեի: Ես չէի հասկանում, թե ինչ պետք է խոսեմ և ասացի ինչ-որ տխմարություն:

Այժմ շատ եմ փոխվել, բայց ես այնպիսի ավագ եմ, ինչպես կամ: Ես շատ բան չեմ ասում: Կարծում եմ, բոլորը գիտեն, թե որքան կարևոր է խաղը, թեև երբեմն աջակցության կամ մոտիվացիայի խոսքը չի խանգարում: Բայց կրկնում եմ, բոլորը պատրաստում և հարմարվում են իրենց ձևով: Այս մոտեցումը մոտ է ինձ, քանի որ իմ կյանքի մեծ մասում ես խաղացել եմ ոչ թե Արգենտինայում, այլ «Բարսելոնայում», իսկ այնտեղ այդպես են անում: Կրկնում եմ, խոսքը խոսելու մասին է:

10-րդ համարի մասին

– 10-րդ համարը կարևոր են դարձնում նրանք, ովքեր դա կրում են՝ Մարադոնա, Ռոնալդինիո: Բայց դաշում 10-րդ համարը ոչինչ չի փոխում: Կապ չունի, թե որ համարով կլինես դու վճռորոշ դրվագում՝ 9, թե 10:

– Եթե Ագուերոն հավաքականում ցանկանա քո 10-րդ համարը, դու կտա՞ս նրան:

– Ես կասեմ, որ ամեն մեկն ունի իր համարը:

Աշխարհի առաջնությունում Գերմանիային պարտվելու մասին.

– Աշխարհի գավաթը իմ ամենամեծ երազանքն է, որը 2014 թվականի Աշխարհի գավաթի եզրափակչում այնքան մոտ էր, և սարսափելի էր, որ այն չդարձավ մերը: Մենք արժանի էինք բարձրացնելու այն, քանի որ այդ սերունդը արել էր առավելագույնը: Հրաշալի կազմ, թիմի գագաթնակետը:

Արգենտինան միշտ էլ ունի հարձակման գծի ֆուտբոլիստներ, որոնք ցանկացած ժամանակ կարող են վտանգ ստեղծել: Բայց խմբային փուլից հետո ստիպված էինք փոխել համակարգը, քանի որ վնասվածք ստացավ Կունը:

«Պեպը հրաշալի մարդ է»

– 2008 թվականին ակումբը չէր ուզում թույլ տալ, որ ես գնայի Պեկինի Օլիմպիական խաղերին: Բոլորն ասում էին, որ այդ մրցաշարը կախարդական է: Պեպը այդ իրավիճակում պարզապես ֆենոմենալ էր, նա խոսեց ակումբի հետ, համաձայնեց և թույլ տվեց ինձ մեկնել՝ պայմանով, որ ակուբից ինչ-որ մեկը կմեկնի ինձ հետ և կհետևի ինձ, քանի որ ես այն ժամանակ շատ էի վնասվածքներ ստանում:

Օլիմպիական գյուղում մենք ապրում էինք հյուրանոցում և չէինք զգում խաղերի մթնոլորտը, բայց ճաշասենյակում մենք հանդիպում էինք աշխարհի լավագույն մարզիկների հետ՝ Կոբի Բրայանտ, Ռաֆա Նադալ, Ռոջեր Ֆեդերեր: Անհավատալի էր: Նրանք նստեցին հարևան սեղաններին, լուսանկարվեցին մեզ հետ, իսկ առաջին օրը մենք բոլորով գնացինք McDonalds: Ես չէի կարողանում հավատալ:

Միջնեկ որդին սիրում է նրանց, ովքեր հաղթել են «Բարսելոնային».

– Մաթեոն սիրում է ֆուտբոլը, նա ունի բազմաթիվ ակումբների շապիկներ: Նա մի անգամ ասել է, որ նա «Լիվերպուլի» երկրպագու է, քանի որ նրանք հաղթեցին մեզ: Նույնը «Վալենսիայի» հետ: Նա ասաց, որ հիմա նրանց երկրպագուն է:

Նա գոռում է գոլ, երբ «Ռեալը» գոլ է խփում (շատերը այս խոսքերից հետո գրեցին, որ Մեսսիի որդին մադրիդյան ակումբի երկրպագու է, բայց դա կեղծ տեղեկատվություն է):

Մաթեոն նայում է ինձ և համառում է: Նա անընդհատ պայքարում է և մարտահրավեր է նետում ինձ:

Տիագոն այդպիսին չէ: Նա միանգամից անում է այն, ինչ դու նրան խնդրում ես:

Մեսսին միայնա՞կ է հաղթում «Բարսելոնայում»

– Այն, որ ես հաճախ եմ գոլ խփում, չի նշանակում, որ ես հաղթում եմ միայնակ: Հատկապես հիմա ոչ ոք դաշտում նվերներ չի տալիս, չկան թիմեր, որոնք տալիս են շատ բաց տարածություն:

Սիրարփի Աղաբաբյան