Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն:
Հայ պատանի ըմբիշը պայքարը սկսել էր հունիսի 22-ին: Որակավորման փուլում Գևորգյանը 4-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10-0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Գկիվի Բլիացեին:
Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում համապատասխանաբար 11-0 և 10-0 հաշիվներով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Վասիլև Կարամֆիլկովին և Մակեդոնիան ներկայացնող Ռեդջեփ Հաջարիին:
Եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևն էր: Գոտեմարտն ավարտվեց մեր ըմբիշի՝ 6-3 հաշվով կամային հաղթանակով:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 60 կգ քաշային կարգում արծաթե մեդալ էր նվաճել Գենիկ Ասատրյանը, իսկ 71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 10 ըմբիշով
Տեսանյութը՝ այստեղ