Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
Նրա խոսքով՝ ուղևորների դեպի Հայաստան տեղափոխման հետ կապված ծախսերի բեռը իր վրա է կրում ուղևորափոխադրող կազմակերպությունը։ «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Սահմանին գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է»,-գրել է Մուրադյանը: