Արարատի մարզը պատրաստվում է նոր ներդրումային ծրագրերի. Մասիսում շահագործման հանձնվեց Ֆրանկոֆոնիայի զբոսայգին
Advertisement 1000 x 90

Արարատի մարզը պատրաստվում է նոր ներդրումային ծրագրերի. Մասիսում շահագործման հանձնվեց Ֆրանկոֆոնիայի զբոսայգին

Արարատի մարզի Մասիս քաղաքում շահագործման հանձնվեցին Ֆրանկոֆոնիայի զբոսայգին և ընտանեկան մարզահամալիրը: Համալիրը կառուցվել է Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:

Մասիսի զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Ադիբեկյանը նշեց, որ նախագիծը ևս մեկ առիթ է հայրենիքի ու ծննդավայրի հետ կապն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու համար:

«Մենք այստեղից ենք, իմ և քրոջս մանկությունն անցել է այստեղ: Ես ծնվել եմ Հայաստանում, 4 տարի ապրել ենք Մոսկվայում, հետո Փարիզում, բայց փորձում ենք հնարավորինս հայերենը չմոռանալ, շատ հաճախ գալիս ենք և տարին երկու անգամ մեր հանգիստն անցկացնում ենք Հայաստանում, մեզ համար դա շատ կարևոր է: Մենք որոշել ենք, որ ամենաճիշտը երեխաների համար խաղահրապարակ ստեղծելն է, այդ պատճառով որոշել ենք ստեղծել սպորտային համալիր և մանկական խաղահրապարակ, որտեղ երեխաները կարող են անցկացնել իրենց ժամանակը: Օրական հարյուրավոր երեխաներ են գալիս այստեղ իրենց ժամանակն անցկացնելու: Ունենք նաև մշակութային կենտրոն, որտեղ երեխաները շախմատ են խաղում, ֆրանսերեն են սովորում և թատերական խմբակ են հաճախում»,- ասաց Ադիբեկյանը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ մարզում նախատեսվում են իրականացվել նաև մի շարք այլ ներդրումային ծրագրեր:

«Ներդրումներ են լինում ոչ միայն բիզնես շահույթ հետապնդող, այլ նաև սպորտային միջոցառումների, ընտանեկան հանգստի համար: Լինում են նաև բարեգործական և խոշոր մասշտաբների ներդրումներ: Այս պահին, ինչպես բիզնես համաժողովի ընթացքում ներկայացրինք, սկսվել են արդեն գյուղատնտեսական շուկայի կառուցումը, և առաջիկայում ունենք մեկ ավելի մեծ խոշոր նախագիծ, որի մասին կխոսենք, երբ կսկսենք»,- նշեց Սարգսյանը: