Ինչու են աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկները հավաքվելու Երևանում. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչու են աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկները հավաքվելու Երևանում. armeniasputnik.am

Հայաստանի մայրաքաղաքում նախատեսված համագումարի մուտքն ազատ է լինելու, և նախապես չգրանցված բժիշկները նույնպես կարող են մասնակցել դրան։

Աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկ` պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, հուլիսի 4-6-ը կլինեն Հայաստանում` Հայ բժիշկների միջազգային 5–րդ համագումարին մասնակցելու նպատակով։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Համագումարի բացումը տեղի կունենա հուլիսի 3–ին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Հենց Չարչյանն էլ այս տարի կնախագահի համագումարը։

«Այս համագումարը, թերևս, ամենաբարձր հարթակն է, որտեղ ամբողջ աշխարհից ծագումով հայ բժիշկները հավաքվում ու ամփոփում են իրենց չորս տարվա աշխատանքները: Այս տարվա համագումարի կարգախոսն է՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։ Համագումարը շատ կարևոր է կապերի ստեղծման, փորձի փոխանակման առումով»,–ասաց պրոֆեսորը։

Նրա խոսքով` կարևոր է նաև այն հանգամանքը, որ համագումարի ժամանակ ներկայացվում են բոլոր նոր տեխնոլոգիաներն ու գիտական նոր նվաճումները, և հետագայում հնարավորություն է լինում դրանք ներդնել մեր առողջապահական ոլորտում։

Արմեն Չարչյան

Ըստ Չարչյանի` համագումարը մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի` Արցախի հետ կապեր հաստատելն ու փորձի փոխանակումը։

«Համագումարին մասնակցելու համար արդեն իսկ մոտ 420 մասնակից է գրանցվել, որոնցից 160-ն արտասահմանից են՝ ընդհուպ մինչև Աֆրիկայից և Սինգապուրից: Ի դեպ, համագումարին մասնակցելն անդամավճարով է, սակայն, բացի գրանցված մասնակիցներից, այս տարի մեր հովանավորների շնորհիվ համագումարի մուտքն ազատ է լինելու, և նախապես չգրանցված բժիշկները նույնպես կարող են ներկա լինել»,–ասաց նա։

Ի դեպ, համագումարի շրջանակում Ռուսաստանից ազգությամբ 7 հայ, ՌԴ–ի ակադեմիայի իսկական անդամներ կժամանեն Հայաստան։ Համագումարի օրերին Երևանում, Գյումրիում, Արցախում սիմպոզիումներ ու սեմինարներ կանցկացվեն` մանկաբուժության, ռադիոլոգիայի, ծնկահոդային էնդոպրոթեզավորման և այլ թեմաներով։

armeniasputnik.am