Իրան-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են մնալ լարված, ու կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ: Հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ, Իրան-ԱՄՆ հարցերով փորձագետ Գոհար Իսկանդարյանը:
Նա նշեց, որ Իրանի կողմից ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի խոցումից հետո ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ռազմական գործողություններ սկսել Իրանում, սակայն վերջին պահին նախագահ Դոնալդ Թրամփը մտադրությունը փոխել է՝ նշելով, որ անհամաչափ է լինելու հարվածը:
«Կան այլ տեսակետներ. ակնհայտ է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահի ուղերձը Թրամփին, որ եթե եղավ նման բան, տարածաշրջանը պարզապես վառվելու է կրակների մեջ և չեն կարողանալու խնդիրը լուծել: Կարծում եմ, որ Թրամփը որոշել է սպասել: Հունիսի 28-29-ին Ճապոնիայում տեղի է ունենալու G-20-ի հանդիպումը, և արդեն նախանշված է հանդիպումների օրակարգը: Այս հանդիպումների ժամանակ օրակարգում լինելու է նաև Իրանի հարցը և քննարկվելու է, թե ինչպես երկու երկրների միջև լարվածությունը թուլացնել, որովհետև տեսնում ենք՝ ավելի ու ավելի է թեժանում խնդիրը և կարիք կա որոշակի չափով հանդարտեցման»,- ասաց Իսկանդարյանը:
Իրանագետի կարծիքով` ԱՄՆ-ն ամեն գնով ցանկանում է նստեցնել Իրանին բանակցությունների սեղանի շուրջ:
«Նրա վարքագիծը ցույց է տալիս, որ ավելի շատ պարտադրանքի ուժով են փորձում նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Իմ համոզմամբ` Իրանը ևս ցանկանում է բանակցությունների միջոցով հարթել խնդիրները, բայց ոչ թե պարտադրանքով և սադրանքներով, այլ որոշակի փոխզիջումների միջոցով նստել և հասկանալ, թե ինչ խնդիրներ կան Իրանի և Միացյալ Նահանգների միջև, ինչպես պետք է հանգուցալուծումները գտնել: Կարծում եմ, որ բանակցությունները երկու կողմերին էլ ձեռնտու է»,- ասաց Իսկանդարյանը:
Իրանագետը կարծում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից ընդառաջ Թրամփի համար նպաստավոր չէ ռազմական լուրջ խնդիրների մեջ ներքաշվել, եթե անգամ որոշակի հաջողություններ ունենա Իրանում:
«Իմ համոզմամբ` ընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփի ձեռքերը ավելի ազատ են լինելու և այն ժամանակ կարող ենք ականատես լինել կետային հարվածների Իրանի ուղղությամբ»,- եզրափակեց Իսկանդարյանը: