Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Հայրենական մեծ պատերազմի 78-ամյակի կապակցությամբ Կենտրոնական արխիվի ֆոնդերից բացառիկ փաստաթղթեր է գաղտնազերծել Բրեստի ամրոցի հերոսական պաշտպանության վերաբերյալ, գրում է rusarminfo.ru-ն:
Գաղտնազերծված նյութերում որոշ փաստաթղթեր կան հայազգի երկրաբան, Սոցիալիստական աշխատանքի հերոս Սամվել Մաթևոսյանի վերաբերյալ:
«1941թ. հունիսին Սամվել Մաթևոսյանը ծառայում էր 6-րդ հրաձգային դիվիզիայի 84-րդ հրաձգային զորագնդում: Հունիսի 22-ի լուսադեմին նա գլխավորել է սվինային հակագրոհը, որն ավարտվել է լիարժեք հաղթանակով: Բրեստի ամրոցի պաշտպանության ժամանակ մի քանի վիրավորում է ստացել: Անգիտակից վիճակում գերեվարվել է, գտնվել է ռազմագերիների ճամբարում»,-ասվում է ՌԴ ՊՆ կայքում:
Փաստաթղթերում նշվում է, որ Մաթևոսյանին շուտով հաջողվել է փախուստ կազմակերպել, ինչից հետո նա կռվել է պարտիզանական ջոկատում: Ավելի ուշ, երբ շրջափակված տարածքն ազատագրվել է, շարունակել է ծառայությունը գործող բանակում:
Սամվել Մաթևոսյանը հասել է մինչև Բեռլին՝ բազմաթիվ զինվորների պես գրառում թողնելով Ռեյխսթագի պատերին:
1912թ. Ղարսի շրջանի Ղարաբաղ գյուղում ծնված Հայրենական մեծ պատերազմի վետերանի 90-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահը նրան շնորհակալագիր է տվել: Մաթևոսյանը մահացել է 90 տարեկանում: Նա հուղարկավորված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը: