Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը, ով հունիսի 30-ին մենահամերգով հանդես է գալու «Հրազդան» մարզադաշտում, հունիսի 25-ին այցելեց պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, հանդիպեց քաղցկեղով հիվանդ երեխաներին, լուսանկարվեց նրանց հետ ու երգեց փոքրիկների համար:
«Երեխաներն իմ թույլ կողմն են: Միշտ պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափով աջակցել նրանց: Ամեն մեկը յուրովի է օգտակար դառնում իր հայրենիքին, ժողովրդին. իմ գործը երգն է»,- նշեց Փամբուկչյանը:
Երգչի համոզմամբ` հոգեկան բավարարվածությունը երեխաների համար նույնպես շատ կարևոր է: «Պետք է փորձեմ հաղորդակցվել նրանց հետ, նայել նրանց աչքերի մեջ, ու եթե իմ երգով կարողանամ հույս փոխանցել նրանց, ուրեմն իմ գործը կատարած կհամարեմ»,-Փամբուկչյանը:
«City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի խոսքով` Փամբուկչյանի հետ համագործակցությունը սկսվել է հիմնադրամի ներկայացուցիչների ԱՄՆ այցից հետո, որտեղ երգիչը մասնակցել է միջոցառումներից մեկին ու աճուրդում վաճառված իր կիթառի գումարը փոխանցել է հիմնադրամին:
«Գտնվելով Հայաստանում` նա պատրաստակամություն հայտնեց այցելել արյունաբանական կենտրոն, տեսնել երեխաներին ու ինչ-որ կերպ ոգևորել նրանց:
Հարութ Փամբուկչյանը հիմնադրամի բարեկամներից է և դեռ երկար ենք շարունակելու համագործակցությունը նրա հետ»,-շեշտեց Դեմիրճյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և այլք։