Երևանի կենտրոնում կարելի կլինի անվճար չափել զարկերակային ճնշումը
Advertisement 1000 x 90

Երևանի կենտրոնում կարելի կլինի անվճար չափել զարկերակային ճնշումը

Երևանում հունիսի 25-ին մեկնարկել է զարկերակային հիպերտենզիայի վաղ հայտնաբերման ակցիան։ Մետրոյի Երիտասարդական և Հանրապետության հրապարակ կայարաններում, ինչպես նաև «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Հյուսիսային պողոտայում և Սարյանի ու Արամի փողոցներին հարող այգու տարածքում կարելի կլինի անվճար չափել ճնշումը։

Ինչպես լրագրողներին ասաց  կլինիկական օրդինատոր Նելի Հովակիմյանը, ընդհանուր առմամբ ակցիան կտևի երկու շաբաթ։ Դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ընդ որում՝ բուժզննումը կատարվում է անանուն հիմքով։ Կամավորները զննվողներին տալիս են ստանդարտ հարցերի ցանկ, որոնք, մասնավորապես, վերաբերում են ծխելուն, ալկոհոլ օգտագործելուն, սրտանոթային համակարգի հիվանդություններին, ճնշման կայունացման համար դեղերի ընդունմանը և այլն։

Ակցիան կազմակերպել են Հայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան՝ Հիպերտոնիայի միջազգային միության և Հիպերտոնիայի համաշխարհային լիգայի հետ համատեղ։

Նման ծրագիր իրականացվել է 2018 թվականի մայիս-հունիսին. կամավորականները չափել են պատահական անցորդների զարկերակային ճնշումը մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում (մետրոյում և այգիներում)։ Համաձայն դրա նախնական արդյունքների՝ զարկերակային հիպերտենզիայով տառապում է Երևանի մեծահասակ բնակչության մոտ 30 տոկոսը։ Մեկ տարի առաջ հետազոտությանը մասնակցել է մոտ 21 հազար մարդ, որոնցից 4 հազարը զննվել է Երևանի մետրոպոլիտենի տարածքում։

med.news.am