Երևանում 2018 և 2019 թվականներին տարբեր կազմակերպությունների կողմից առանց իրավական հիմքերի տնօրինվող մանկապարտեզներից 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքներին:
Երևանի ավագանու հրավիրված նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
«Դրանք այսուհետ կօգտագործվեն ըստ նշանակության»,- նշեց Վիրաբյանը:
Անդրադառնալով տարիների ընթացքում տարբեր ճանապարհներով և միջոցներով սեփականաշնորհված մանկապարտեզներին և ընդհանուր շենքերին՝ փոխքաղաքապետը շեշտեց, որ այդ մասով աշխատանքներ են տարվում:
«Կան կազմակերպություններ, որոնց գործունեությունը տվյալ տարածքներում իրոք կարևոր է համայնքի համար, բխում է նրա շահերից: Այդ կազմակերպությունների հետ փորձում ենք ընդհանուր լուծում գտնել, որպեսզի դրանք հնարավորություն ունենան շարունակել աշխատանքը, բայց նաև չխանգարեն մանկապարտեզների բնականոն գործունեությանը»,- ասաց Վիրաբյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ընդգծեց, որ իրենք գույքագրում են բոլոր մանկապարտեզները: «Այն կազմակերպությունները, որոնք այժմ գտնվում են նախկին մանկապարտեզների տարածքներում և համապատասխան գործունեություն չեն իրականացնում՝ կամաց-կամաց ազատում են տարածքները»,- ասաց Մարությանը: