Բանգլադեշից 28-ամյա Աբուլ Բաժանդարը տառապում է շատ հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով նրան «ծառ մարդ» են անվանել: Նրա մաշկը ծածկվում է պալարներով, որոնք նման են ծառի կեղեւին: Պալարները սարսափելի վատթարացնում են նրա կյանքի որակը եւ անտանելի ցավ պատճառում, որի պատճառով Աբուլը վիրաբույժներին խնդրում է իր ձեռքերն անդամահատել:
AsiaOne լրատվական պորտալը հայտնում է, որ Աբուլը տառապում է epidermodysplasia verruciformis-ով: Պացիենտը 2016 թվականից 25 վիրահատության է ենթարկվել պալարները հեռացնելու համար: Ինչ-որ պահի թվում էր, թե հաջողվել է հիվանդությանը հաղթել, բայց 2018 թվականի մայիսից ախտանիշները կրկին սրվել են, եւ վիճակը վատթարացել է. հիմա պալարները գրեթե ամբողջությամբ ծածկում են նրա ափերը եւ ոտնաթաթերը:
«Ցավն անտանելի է դարձել: Ես գիշերները չեմ կարողանում քնել: Ես վիրաբույժներին խնդրել եմ ձեռքերս անդամահատել, որ կարողանամ հանգիստ շունչ քաշել»,- ասել է պացիենտը:
Նրա մայրը՝ Ամինա Բիբին, աջակցում է որդու խնդրանքին:
«Անդամահատումը գոնե ցավից կազատի: Հիմա նա, կարծես, դժոխքում լինի»,- ասել է նա:
Պլաստիկ վիրաբույժ Սամանտա Լալ Սենն ասել է, որ պետք է հավաքվեն 7 բժիշկներ, որպեսզի ընտրեն պացիենտի համար լավագույն բուժումը:
«Նա իր ցանկությունն է արտահայտել, բայց մենք պետք է մտածենք, թե ինչպիսի որոշումը նրա համար լավագույնը կլինի»,- ասել է մասնագետը:
Երկրի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ Աբուլը ստիպված չի լինի բուժման համար վճարել:
Նշենք, որ ըստ uptodate բժշկական ռեսուրսի՝ աշխարհում նկարագրվել եւ գրանցվել է այս հազվագյուտ հիվանդության ընդամենը 501 դեպք: