Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը հայտարարել է, որ իր հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել։
Այս առնչությամբ «Ա1+»-ը զրուցեց ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։ Վերջինս նույնպես հաստատեց, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է եղել։ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2008 թվականի փետրվարի 19-ին Սամվել Կարապետյանը Գավառի տեղամասերից մեկում եղել է հանձնաժողովի անդամ։
«2008 թվականի փետրվարի 19-ին՝ նախագահի ընտրությունների օրը, ինչպես շատ տեղերում, մեր հանձնաժողովի այն անդամներին, որոնք դիմադրել են, չեն թողել կեղծիքներ անեն, Սամվել Կարապետյանին ու Սիմոն Ամիրխանյանին նույնպես ակնհայտ կեղծ, ապօրինի, շինծու մեղադրանք առաջադրեցին։
Դատարանի դահլիճում նրանց վերաբերյալ ազատազրկման վճիռ կարդացին, որից հետո նրանք ազատազրկվել են։ Մեր քաղբանտարկյալների ցուցակի մեջ են եղել, մինչ հիմա էլ այդ ցուցակով անցնում են՝ որպես նախկին քաղբանտարկյալ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ դրանից հետո նրանք ազատազրկված են եղել և համաներումով դուրս են եկել։ Սամվել Կարապետյանը եղել է Գավառում ՀԺԿ-ի տարածքային կառույցի ղեկավարը, այնուհետև նրա կինը ղեկավարել է Կոնգրես դաշինքի Գավառի կառույցը։
Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ Կարապետյաններն ակտիվորեն մասնակցել են քաղաքական պրոցեսներին՝ քաղբանտարկյալների ազատության համար անցկացվող ակցիաներին, հանրահավաքներին և քաղաքական այլ պրոցեսներին։
Սամվել Կարապետյանին 2008 թվականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով(Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը)։