«Որեւէ մարզպետի աշխատանքից դժգոհություն կամ գոհունակություն չի հայտնվել, քննարկվել են ընդհանուր բնույթի աշխատանքային հարցեր»,- խորհրդարանում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Այն խնդիրներին` ներդրողների հողահատկացումների մասով, որոնց առնչվել է Լոռու մարզպետը, Հունան Պողոսյանը չի առնչվում: Իր մարզը միակն է, որտեղ խոշորացվել են համայնքները եւ աշխատանքի սկզբունքները մի քիչ այլ են, առայժմ նորմալ է ամեն ինչ, եթե լինում են խնդիրներ` ասում է, շտկվում են:
Լրագրողները հիշեցրին, որ իրեն Սյունիքի մարզպետ նշանակելիս վարչապետի փաստարկներից մեկն էլ այն էր, որ Սյունիքի մարզը նարկոթրաֆիկի կետ է, եւ հետաքրքրվեցին` քանի՞ դեպք է բացահայտվել իր նշանակումից հետո: Հունան Պողոսյանն ասաց՝ հարցի հասցեատերն ինքը չէ, եւ հորդորեց դիմել իրավապահ համակարգին`ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ: Ինքը, իբրեւ համակարգող, արձանագրում է, որ իրավապահները շատ լավ աշխատում են, եւ կան տեսանելի արդյունքներ: Իսկ Նիկոլ Փաշինյանը գո՞հ է իր աշխատանքից: Մարզպետն ասում է` հարցն իրեն ուղղեք. «Ես ինքնագնահատականներ չեմ տալիս»: