Ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Յուրի Ջորկաեֆն այն կարծիքին է, որ հայերը «մեծ ուղեղ» ունեն: Ջորկաեֆը նման կարծիք հայտնեց Վանաձորում «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների ամփոփումից հետո լրագրողների հետ զրույցում: «Ես գիտեի, որ հայերը մեծ սիրտ ունեն, հիմա գիտեմ, որ նրանք նաև մեծ ուղեղ ունեն»,- ասաց Ջորկաեֆը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է առկա էներգիան ու ստեղծագործական միտքը ոչ միայն երկրի ներսում, այլ երկրից դուրս օգտագործելը:
Յուրի Ջորկաեֆը Վանաձոր է այցելել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ: Նա շնորհակալություն հայտնեց նախարարին՝ իրեն Վանաձոր բերելու համար: «Մենք երեկ զրուցում էինք, և նա ասաց, որ գալու է այստեղ՝ Վանաձոր: Ես նրան հարցրեցի՝ կարո՞ղ եմ միանալ իրեն և տեսնել Հայաստանի ապագան, որովհետև այստեղ դուք կարող եք զգալ մարդկանց ներշնչանքն ու ներուժը: Ինձ համար ֆուտբոլի մասին խոսելուց առաջ կարևոր է տարբեր բաներ տեսնել Հայաստանում: Ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանից դուրս: Սա փոքր երկիր է, սակայն մարդիկ լավն են բոլոր քաղաքներում: Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի բոլոր քաղաքներում մարդիկ իմանան, որ ես սիրում եմ ճամփորդել Հայաստանում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ ընդգծեց, որ շատ է կարևորում Վանաձորում անցկացվող միջոցառմանը Յուրի Ջորկաեֆի ներկայությունը: «Շատ կարևոր է, որ պարոն Ջորկաեֆն այստեղ է: Ֆուտբոլային աշխարհի, մեր սփյուռքի ուշադրությունը սևեռված է լինելու Վանաձորի վրա, որովհետև հանրահայտ ֆուտբոլիստը, աշխարհի չեմպիոնն այստեղ է»,- ասաց նախարարը:
Նա բոլոր հայտնի հայերին կոչ արեց այցելել նման միջոցառումներին, եթե ցանկանում են աջակցել մեծ ձեռնարկներին: