Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության ոլորտում հատկապես Վրաստանի հետ ռեգիոնալ համագործակցությունն ավելի ակտիվացնելու ու դյուրացնելու համար որոշակի օրենսդրական բարեփոխման կարիք է տեսնում: Նա առաջարկում է զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսներին ազատել սահմանային հատման համար նախատեսված մաքսավճարից: Ապրեսյանը նման տեսակետ է հայտնել Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միասնական զբոսաշրջային արդյունք ունենալու վերաբերյալ հարցին:
«Ռեգիոնալ համագործակցության առումով կա օրենսդրական կարգավորման խնդիր: Հայկական զբոսաշրջային ընկերությունը, օրինակ՝ եվրոպական, ճապոնական զբոսաշրջային խմբին Հայաստանի անցակետից վրացական անցակետ հասցնելու համար տրանսպորտային միջոցի համար տալիս է սահմանային հատման մաքսավճար՝ մոտ 10 հազար դրամի կարգի: Մաքսավճարի արտոնությունը միայն կանոնավոր ուղևորափոխադրումների համար է սահմանված: Սակայն այն չի գործում զբոսաշրջային ավտոբուսների համար, որոնք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում: Հատկապես զբոսաշրջային ուղևորափոխադրումների համար պետք է, որ այդ մաքսավճարը չլինի»,-ասաց Ապրեսյանը։
Նրա կարծիքով՝ դա անհարկի բարձրացնում է Հայաստանի զբոսաշրջային փաթեթի գինը, նաև լրացուցիչ անհարմարություն է առաջացնում: «Առաջարկում ենք, որ Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություն կատարվի, և զբոսաշրջային ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացողն ավտոբուսների համար ևս սահմանվի մաքսավճարի արտոնություն»,-ասաց Ապրեսյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են դեռ հեղափոխությունից առաջ: Հիմա արդեն հարցի քննարկումը վերսկսվել է: