Հունիսի 26-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը լրագրողի դիտարկմանը, թե նախկին իշխանության ժամանակ ինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ էր և այդ ժամանակ երբեք չի բարձրաձայնել, որ կա Մարտի 1-ի բացահայտման հանրային պահանջ, ի՞նչ փոխվեց հիմա, ասաց, որ նախկինում ինքը պրոֆեսիոնալ գործունեություն է ծավալել հանձնաժողովում և քաղաքականությամբ չի զբաղվել:
«Ես մեծացել եմ քաղաքական ընտանիքում և ներգրավված եմ եղել քաղաքական գործընթացներում։ Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է հիմա, թույլ տվեք այլևս չշարունակել», – ասաց նա:
Աննա Կարապետյանի հայրը՝ Սամվել Կարապետյանը, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ։ Նա մեղադրվել է ընտրությունների արդյունքների կեղծման մեջ՝ հօգուտ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի, և դատապարտվել 3 տարի ազատազրկման։
Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված Աննա Կարապետյանի կենսագրականից պարզ է դառնում, որ վերջինս 2015 թվականից մինչև 2018 թվականը եղել է պատգամավորի օգնական։
Աննա Կարապետյանը աշխատել է որպես «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը, ով 2014 թվականից եղել է ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Հատկանշական է նաև, որ այն ժամանակահատվածում, երբ Աննա Կարապետյանը աշխատում էր ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի մոտ որպես օգնական, ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բազմաթիվ զեկույցներ է պատրաստել, քննարկումներ անցկացրել և անգամ ԵԽԽՎ զեկուցողներ ընդունել Մարտի 1-ի առնչությամբ, սակայն ոչ ոք չի հիշում, որ Աննա Կարապետյանն այդ ընթացքում հիշատակած լինի հորը։
Ուստի՝ լրագրողի հնչեցրած հարցի կապակցությամբ Աննա Կարապետյանի պատասխանը և այդ համատեքստում հորը՝ Սամվել Կարապետյանին հիշատակելը նվազագույնը անհասկանալի է։
Աննա Կարապետյանը, ինչպես ներկայիս իշխանության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, ՀՀԿ-ի իշխանության ժամանակահատվածում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, օգտվել է իշխանության «քաղցր պտուղներից», իսկ այժմ, երբ իշխանական լծակները իրենց ձեռքերում են, սկսում են հիշել նախորդ իշխանությունների «հանցագործ» գործունեության մասին և իրենց դնել զոհի կարգավիճակում։
Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան