Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն իր մեդալների հավաքածուին ավելացրեց նաև Եվրոպական խաղերի ոսկե մեդալը։
Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթել է վրացի Ռեվազ Նադարեիշվիլիին։ 1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 3։1 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում նույն հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինին։ Հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնում էին նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ)։
Մելիքյանը պարտվել է մեկնարկում, Ասլանյանը՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, Մանուկյանը՝ սփոփիչ գոտեմարտում, իսկ Չալյանը դարձել է արծաթե մեդալակիր։