
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին:
Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հուլիսի 2-ին՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես կգա հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով:
Այցի ընթացքում Աննա Հակոբյանը կհանդիպի Լիբանանի Հանրապետության նախագահի տիկնոջ Նադյա Չամին Աունի հետ: Աննա Հակոբյանը կայցելի նաև Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և այնտեղ կհանդիպի առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների հետ: Վարչապետի տիկինը կայցելի նաև Հայոց Ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան: