«Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Սոֆի Թըրները և երաժիշտ Ջո Ջոնաս պաշտոնապես ամուսնացել են (նորից):
Մայիսի 1-ին Լաս Վեգասում անսպասելի ամուսնանալուց հետո, զույգը որոշել էր պաշտոնական ամուսնական արարողություն կազմակերպել, ինչի օրը սակայն հայտնի չէր: Այսօր արդեն պարզվում է՝ դերասանուհին և երաժիշտը ամուսնացել են հունիսի 29-ին Ֆրանսիայի դղյակներից մեկում:
Հարսանիքին նախորդել է նախապատրաստական ճաշկերույթը, որի ժամանակ հյուրերը կրում էին սպիտակ հագուստներ, իսկ զույգը՝ կարմիր: Հյուրերի շարքում էին նրանց բարեկամներն, ընտանիքի անդամները՝ այդ թվում նաև Նիկ Ջոնասը և նրա կինը՝ դերասանուհի, մոդել Փրիյանկա Չոփրան, սուպերմոդել Էշլի Գրեհեմը,հոգեբան, հաղորդավար Ֆիլը, դերասանուհի, Սոֆի Թըրների լավագույն ընկերուհի Մեյզի Ուիլյամսը, որը նաև հարսնաքրոջ դերում էր:
Հարսանեկան արարողության մասին այլ տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ դիջեյ Diplo-ն, որը զույգի խոսքով «փչացրել» էր իրենց լասվեգասյան հարսանիքը՝ ինստագրամյան իր ուղիղ միացումներով, այս անգամ ևս հրավիրված է եղել, սակայն նրա ձեռքից խլել էին հեռախոսը, որպեսզի չկարողանա հրապարակումներ անել «դեպքի վայրից»: Այս ամենի մասին Diplo-ն գրել է ինստագրամյան իր էջում.
«Սա միակ նկարն է, որ ունեմ Ջոյի և Սոֆի Թըրների ամուսնական արարողությունից, քանի որ նրանք խլել էին հեռախոսս ու անհասանելի դարձրել այն արարողության ընթացքում: Բայց լսել եմ, որ հիանալի է անցել»:
Հիշեցնենք՝ 29-ամյա երգիչն ու 23-ամյա դերասանուհին սկսել են հանդիպել 2016թ.-ից: 2017թ.-ի հունվարին Սոֆի Թըրները հաստատեց իրենց հարաբերությունները ինստագրամյան հրապարակումով, իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերին նրանք հայտարարեցին, որ նշանադրված են: Զույգն արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում էր Ֆրանսիայում և զբաղված հարսանեկան նախապատրաստական աշխատանքներով: