ՀՀ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Երևանի Բուզանդի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում իրենց դիմադրություն ցույց տված բոլոր անձանց։ Ոստիկանները դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, երբ հունիսի 28-ին, ժամը 20.50-ին, ոստիկանություն է զանգահարել Բուզանդի փողոցում գտնվող ռեստորանում աշխատող 49-ամյա մի կին, հայտնել, որ գումար է կորցրել՝ խնդրելով ոստիկան մոտենա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մեկնել են ռեստորան, որտեղ նրանց է մոտեցել ահազանգող կինը և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Ռեստորան է մեկնել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Կինը ոստիկաններին հայտնել է որ գումարի հետ կապված խնդիր է առաջացել ռեստորանի 24-ամյա կին տնօրենի հետ, և իր նկատմամբ բռնություն են գործադրել:
Պարաբանումների համար տնօրենը հրավիրվել է բաժին, սակայն չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ դրսևորելով ոչ իրավաչափ վարքագիծ։ Նրան են միացել այլ անձինք ևս, որոնք դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին՝ պահանջելով հեռանալ։
Ոստիկանության ծառայողները ռեստորանից բերման են ենթարկել դիմադրություն ցույց տված բոլոր անձանց։
«Հունիսի 29-ին, ժամը 00.25-ին, ահազանգող կինը հաղորդում է տվել, որ մենեջերն ուժ գործադրելով իրեն տարել է ռեստորանի հանդերձարան և շուրջ հինգ րոպե զրկել ազատ տեղաշարժման իրավունքից, որից հետո տնօրենուհին երկու հոգու հետ շուրջ 20 րոպե սահմանափակել է իր ազատ տեղաշարժը, որի ժամանակ ծեծի են ենթարկել իրեն:
Քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածների հատկանիշներով։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Տնօրենը ձերբակալվել է»,- նշված է հաղորդագրության մեջ: