Հայ մամուլի համահայկակական համագումարը մեկնարկել է Բեյրութում Անթիլիասի Մայրավանքում:
Հուլիսի 2-ին համագումարին բացման խոսք ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Նա նկատեց, որ Հայ մամուլի ծառայությանը նվիրված մշակների ներկայությունը վկայում է հայ ժողովրդի կյանքում մամուլի ներկայացրած համահայկական կարևորության և դրան վիճակված ճշտորոշիչ դերի մասին: Նա նշեց, որ ներկա տարին հռչակել են որպես Հայ մամուլի տարի։ Այդ առիթով նա ներկայացրեց հայ մամուլի անցյալի, ներկայի հետ աղերս ունեցող հատկանշական երևույթներ, լուրջ մտահոգություններ:
«Գլոբալ մշակույթի ազդեցությունը հատկապես համացանցային մամուլի վրա տիրապետող է: Լուրերի հետևողների նախասիրությունը հստակորեն դեպի համացանցն է, դեպի կարճ ու գրավիչ լուրերը: Համացանցային լրատվության լեզուն, ոճը, որակը էական չեն, կարևորն ընթերցողին կամ ունկնդրին արագ հասցնելն է, գրավելն է, մեծաթիվ ընթերցող ունենալն է։ Էլեկտրոնային լրատվությունը և հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող և անորակ լուրերով ու մեկնաբանություններով»,-ասաց Արամ Առաջին կաթողիկոսը։
Նա նկատեց, որ աննախընթաց արագությունից մինչև բացարձակ ազատությունը իրենց առաջ լայնորեն բացել են անպատասխանատու և անմակարդակ լրագրության դռները՝ հետզհետե մեկուսացնելով տպագիր մամուլը:
Համագումարին Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Համագումարին մասնակցում են լրատվադաշտի ներկայացուցիչներ, այդ թվում «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: