Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն 50 շենք:
«Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը: Ծրագրի շնորհիվ, ի դեպ, կտեղադրվեն նոր, էներգախնայող լեդ լուսատուներ», – նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:
Դավթաշենի 2-րդ թաղամասի հ. 10 շենքն այն հասցեներից է, որտեղ արդեն այս տարի բնակիչները ոչ միայն կլսեն, այլև կտեսնեն արևից ստացվող էներգիայի օգուտը:
«Ծրագրի մասին գիտենք, անհամբեր սպասում ենք իրագործմանը»,-նշում են բնակիչները:
Ծրագրում ընդգրկված բոլոր շենքերում մեկ առ մեկ մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել՝ սեյսմակայունությունից մինչև բնակեցվածության ցուցանիշ, որը պետք է 75-80 %-ից ցածր չլիներ:
Չափորոշիչների համաձայն ընտրված շենքերը հիմնականում 9-14 հարկանի են, հարթ և արևկող տանիքներով: Կարևոր էր նաև սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների թիվը:
«Նախատեսվում է նաև շենքերի՝ սոցիալապես առավել անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսադիոդային լուսատուներ» ,-ասում է Տիգրան Սարգսյանը:
«Երևան՝ արևային համայքն» ծրագիրը քաղաքի համար ունի ինչպես էներգետիկ, սոոցիալական, այնպես նաև բնապահպանական նշանակություն: Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները: (տարեկան շուրջ 850 տոննա CO2):
«Ծրագիրը կարևոր է հատկապես ածխաթթու գազերի արտանետումների կրճատման առումով: Երևանը «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ է, ինչը նշանակում է, որ քաղաքը պարտավորվել է մինչև 2020թ. 20%-ով կրճատել ածխաթթու գազերի արտանետումները» ,- նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգայինհամագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին:
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհուրդն արդեն քննարկել և հաստատել է ծրագրի բուն մեկնարկի հետ կապված տեխնիկական հարցերը:
«Հակարգը բնակիչներին կծառաայի առնվազն 25 տարի: Արդյունքում քաղաքում կունենանք վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառություն»,- հավելում է Տիգրան Սարգսյանը:
Ծրագրի բյուջեում էլ կկատարվեն փոփոխություններ, և խնայողությունների դեպքում հնարավոր կլինի ծրագրում ընդգրկել նոր շենքեր:
«Շատ կարևոր նախագիծ ենք իրականացնում, որը, հուսով եմ, որ կդառնա մշակույթ մեր քաղաքում, ինչն էլ, ըստ էության, մեր հիմնական նպատակն է»,- ընդգծում է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Այժմ ծրագիրը մրցութային փուլում է: Նախատեսված աշխատանքների համար անցկացվող մրցույթներին ծանոթանալ և մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր ընկերությունները: