Հովհաննես Բաբախանյանն՝ ԱՄՆ-ում դստեր ամուսնության, Էրիկ Ռոբերթսի հետ համագործակցության ու Սայաթ-Նովայի կերպարով ներկայանալու մասին. aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հովհաննես Բաբախանյանն՝ ԱՄՆ-ում դստեր ամուսնության, Էրիկ Ռոբերթսի հետ համագործակցության ու Սայաթ-Նովայի կերպարով ներկայանալու մասին. aysor.am

Օրերս Կալիֆորնիայի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում տեղի ունեցավ վերջին տարիներին ԱՄՆ տեղափոխված ՀՀ Վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի ու դերասանուհի Մարի Մսրյանի ավագ դստեր՝ Լիայի պսակադրությունը: Դերասանների դստեր փեսացուն ևս ԱՄՆ-ում բնակվող Սարո Ստեփանյանն է:

Aysor.am-ի հետ հետ զրույցում Հովհաննես Բաբախանյանը մանրամասնեց՝ օտարության մեջ էլ իրենց զավակների հարսանյաց հանդեսը կայացել է հայկական ավանդույթներով, ամենագեղեցիկ անակնկալն էլ դստեր մուտքն էր՝ հարսանյաց զգեստով ու հայկական ավանդական հարսի պարով: Ի դեպ, երիտասարդ ամուսիններն արդեն հասցրել են միասին դպրոց հիմնել:

«Մեր ընտանիքն արդեն շուրջ 10 տարի է՝ այստեղ է՝ ես, կինս ու երեք զավակներս: Լիան ամուսնացավ, հիմա մեր կողքին են կրտսեր դուստրս՝ Էլլան, ու որդիս՝ Գոռը: Դստերս պսակադրությանը Հայաստանից միայն քույրս՝ Ալլան, կարողացավ ներկա գտնվել: Ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, քանի որ և՛ աղջիկս, և՛ փեսաս կրթության ոլորտից են, հիմնեցին «S and L Academy» դպրոցը: Իրենց անվան սկզբնատառերով է՝ «Saro and Lia»»,- նշեց ՀՀ Վաստակավոր արտիստը:

Միացյալ Նահանգներում իր ունեցած մասնագիտական զբաղվածությունից դերասանը չի դժգոհում: Ասում է՝ զբավածությունն իրեն պահում է արդեն ապրելակերպ դարձած հաճելի լարման մեջ։ Ի դեպ, Հովհաննես Բաբախանյանն ԱՄՆ տեղափոխված այն քիչ արվեստագետներից է, որ հնարավորություն ունի նկարահանվել հոլիվուդյան աստղերի հետ:

«Կինո, նոր մենաներկայացում, համերգներ` այս ամենն իմ անբաժան առօրյայի մի մասն են կազմում: Հունիսի 10-ին կայացավ «Fake news» հոլիվռւդյան արտադրության ֆիլմի պրեմիերան, որտեղ ես նկարահանվել եմ Էրիկ Ռոբերթսի, Մարտին Քովի, Սոֆիա Միլոսի հետ: Մեկ տարի առաջ էլ Հայաստանում նկարահանվեցի Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմում: Այժմ Հայաստանից ունեմ երկու ֆիլմերում նկարահանվելու առաջարկ: Եթե ԱՄՆ-ում իմ մասնագիտությամբ չաշխատեի, դժվար կլիներ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Գործնական ասպարեզում դերասանի ամենամեծ նպատակն այս պահին «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմն ավարտին հասցնելն է: Հովհաննես Բաբախանյանն այդ ֆիլմի ոչ միայն պրոդյուսերն է, այլև՝ Սայաթ-Նովայի դերակատարը:

aysor.am