«Կարմիր լապտերների» երևանյան տարբերակը
Advertisement 1000 x 90

«Կարմիր լապտերների» երևանյան տարբերակը

Որքան հնարավոր է՝ կարճ կիսաշրջազգեստ, ցանցավոր զուգագուլպաներ, վառ արտահայտված շրթներկ, հայհոյախառն արտահայտություններ և երբեմն՝ ծխախոտ. այսպիսին են Ծերեթելիի մարմնավաճառուհիները, որոնք գրեթե միաձայն պնդում են, թե սոցիալական ծանր պայմանների պատճառով են այս «գործով» զբաղվում: Նրանց գինը տատանվում է 10.000-25.000 դրամի միջև:

Ծերեթելի փողոցում երեկոյան ժամերին տրասնպորտի սպասող կանայք և աղջիկները բողոքում են, որ իրենց շփոթում են նույն փողոցում ակտիվ գործունեություն ծավալող մարմնավաճառների հետ: «Մի անգամ երեկոյան ժամը ութին տրանսպորտ էի սպասում, մի մեքենա մոտեցավ, վարորդը մեքենայի միջից ինձ ասաց` նստի մեքենան,- պատմում է 39-ամյա Գայանեն,- փորձեցի արագ հեռանալ, մեքենայով ետևիցս էր ընկել, ամբողջ ճանապարհին գոռում էր՝ մի՛ փախի, նստի՛, փող կտամ: Էդ անբարոյականների պատճառով բոլոր կանանց մարմնավաճառների տեղ են դնում»: Գայանեն միակը չէ, ում հետ նման դեպք է պատահել: Գարեգին Նժդեհի հրապարակից Եռաբլուր տանող Ծերեթելի փողոցը վաղուց վերածվել է մարմնավաճառների շուկայի: Ճիշտ է, կարմիր ցուցափեղկեր չկան՝ Հոլանդիայի նման, սակայն այստեղ էլ կա գործունեության հստակ մեխանիզմ։ Այստեղի մարմնավաճառները, որոնց թիվը մի քանի տասնյակի է հասնում, երկու խմբի են բաժանված. երիտասարդներն «աշխատում են» փողոցի՝ աջ, իսկ մեծահասակները՝ 40-55 տարեկանները՝ ձախ կողմում: Վերջիններս երիտասարդ ու իրենց համեմատ անփորձ մարմնավաճառներին «մալալետկա» են անվանում ու նախանձում են նրանց, քանի որ «մալալետկաների» պահանջարկն ավելի մեծ է:

 

«Մենք էլ արժանապատվություն ունենք»

Երեկոյան ժամերից մինչև ուշ գիշեր Ծերեթելիում «եռում» է գիշերային առևտուրը: Գրեթե 5 րոպեն մեկ մարմնավաճառներին մոտենում են տղամարդիկ կամ դեռահասներ, ծանոթանում պայմաններին և, սակարկելուց հետո, մեքենան նստեցնում մարմնավաճառներից մեկին կամ մի քանիսին ու տանում մոտակա շոգեբաղնիքներից կամ մոթելներից մեկը: Սակայն ոչ միշտ է, որ հաճախորդն ու մարմնավաճառը կարողանում են համաձայնության գալ: Ծերեթելիում մի անգամ ականատես եղա այսպիսի տեսարանի. մի հարբած տղամարդ ցանկանում էր օգտվել մարմնավաճառուհու ծառայություններից և պատրաստ էր 20.000 դրամ վճարել, սակայն մարմնավաճառը սկզբունքորեն մերժում էր. «Ասեցի՝ չէ, չես հասկանո՞ւմ այ… (հայհոյում է.- Ա.Ղ.): Հես ա տղերքին կզանգեմ, կգան կհավքեն ստուց»,- սպառնում էր մարմնավաճառուհին, ում անունն Արմինե է: Ինձ հետ զրույցում 42-ամյա Արմինեն ասաց, որ չի սիրում հարբածների հետ գործ ունենալ. «Էսի որ ստեղ ա իրան ըտենց պահում, բա որ ուրիշ տեղ գնանք, ինչեր կանի։ Չեմ ուզում վատություն անեմ, թե չէ որ տղերքին զանգեցի, կգան սրան… (նորից հայհոյում է.- Ա.Ղ.)»: Արմինեն գիտի՝ ինչպես վանել նման հաճախորդներին. «Հենց զգում եմ՝ խմած ա, ասում եմ՝ 100 դոլար, թե խմածին 100 դոլար ո՞րդուց»:

Արմինեն 2 երեխա ունի, ամուսնալուծված է, իր խոսքերով՝ մարմնավաճառությամբ է զբաղվում սոցիալական ծանր պայմաններից դրդված: «Ես իմ փողի համար եմ գալիս, կարող ա՞ գժվում եմ սրանց համար (նկատի ունի հաճախորդներին.- Ա. Ղ.),- ասում է նա ու շարունակում, – Մենք էլ մարդ ենք, հո անասուն չե՞նք։ Մենք էլ արժանապատվություն ունենք, հո ամեն բոմժի հետ չե՞նք կարա ըլնենք»:

 

«Որ դուրս չեկավ, 1000 դոլար էլ տա՝ չեմ գնա»

Ծերեթելիի աջ մայթին կանգնող «մալալետկաներից» մեկը, երկար ժամանակ դրսում կանգնած մնալով, երիտասարդ տղաներին առաջարկում էր ինքն իրեն՝ ասելով. «Ազիզ, չես ուզո՞ւմ իրար հետ սաունա գնանք»: Նա 26-ամյա Աննան է, ով մյուս մարմնավաճառների հետ համեմատած՝ ավելի երկար է փողոցում կանգնած մնում, քանի որ ոչ միայն հաճախորդներն են իրեն ընտրում, այլ ինքն է հաճախորդներին ընտրում: «Բա կարո՞ղ ա ամեն մեկի հետ գնամ,- ինձ հետ զրույցում անկեղծացավ Աննան,- որ դուրս չեկավ, 1000 դոլար էլ տա՝ չեմ գնա»: Արդեն 3 տարի է, ինչ նա մարմնավաճառությամբ է զբաղվում։ Նախկինում մատուցողուհի է աշխատել: «Մի հատ անմակարդակ տեղ էի աշխատում, գիշերային սմեն էի, ինչքան հարբած մարդ էր գալիս, ձեռները երկարացնում էր։ Ինձ պոռնիկի տեղ էին դրել։ Սաղ գիշերվա համար 3000 դրամ էի ստանում, բայց հիմա 30.000 եմ աշխատում»: Աննան ապրում է մոր հետ, ով մասամբ է տեղյակ աղջկա «մասնագիտությունից»: «Դե գիտի, թե մի հատ սիրած ունեմ, ով ինձ փողով ապահովում ա: Հո չէի՞ ասի, որ օրը մեկի հետ եմ ըլնում»: Աննան փորձում է իր աշխատանքով ոչ միայն փող վաստակել, այլև հաճույք ստանալ, այդ պատճառով էլ սիրում է գործ ունենալ երիտասարդ ու բարետես տղամարդկանց հետ: «Կարո՞ղ ա բիձեքի հետ գնամ,- ասում է նա,- ամոթ ա, հորս թայ մարդիկ գալիս են, հետս բազառ են անում, ասում եմ՝ չէ՛ այ հոպար, գնա պառավիդ հետ քնի»:

 

«Մեր գործն ամենակեղտոտն ա»

Մարմնավաճառների հետ շատ դժվար է անկեղծ զրույցի բռնվել, քանի որ նրանք չեն սիրում դատարկ խոսակցություններ: Երբ նրանցից փորձում էի ճշտել իրենց «մասնագիտության» մանրամասները, շատերը հրաժարվում էին հարցերիս պատասխանել՝ ասելով. «Դրա համար ես ստեղ եկե՞լ»: Բացի Արմինեից ու Աննայից, ոչ ոք չցանկացավ ինձ հետ այդ թեմայով զրուցել, միայն մեկը, ով ցանկացավ անհայտ մնալ, պատասխանեց իմ մեկ-երկու հարցերին: «Ի՞նչ քեզ պատմեմ, սենց սաղ գիշեր աշխատում ենք, որ կարանանք ապրել։ Դուք ցերեկն եք աշխատում, մենք՝ գիշերը: Շատերը զզվում են մեզնից, վիրավորում, բայց մեր գործն ամենակեղտոտն ա: Գիտես մեզ հաճելի՞ ա։ Պարզ ա, որ հաճելի չի, բայց ի՞նչ կարանք անենք»:

 

Դեռահասները՝ մարմնավաճառուհիների հաճախորդ

Մարմնավաճառների «կլիենտների» մեջ մեծ թիվ են կազմում դեռահասները: Հոգեբան-սեքսապաթոլոգ Անուշ Պողոսյանը պնդում է, որ մարմնավաճառների հետ ունեցած սեռական հարաբերությունները դեռահասների վրա կարող են վատ ազդեցություն թողնել: «Դեռահասները գրեթե անտեղյակ են գնում մարմնավաճառների մոտ` կարծելով, թե նրանցից կսովորեն ինչ-որ բան, բայց այդպես նրանք հոգեբանական սթրեսի են ենթարկվում, քանի որ դա այն չէ, ինչի մասին պատանիները երազել ու սպասել են»,- ասում է հոգեբանը:

Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 141-րդ հոդվածի համաձայն՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Սակայն ինձ հետ զրուցած մարմնավաճառուհիներից ոչ մեկը տեղյակ չէր այս մասին: «Էդ ի՞նչ հիմարություն ա, կարող ա՞ կլիենտից պասպորտ ուզեմ,- բարկացավ 42-ամյա Արմինեն, բայց վերջում, երևի իր ապահովության համար, նշեց,- Իմ մոտ մենակ մեծերն են գալիս»:

 

Վարակակիրների թիվն աճում է

Ծերեթելի փողոցը միակ վայրը չէ, որտեղ կարելի է մարմնավաճառների հանդիպել: Բաղրամյան փողոցը, Եռաբլուրի և կրկեսի հարակից տարածքները, Մալաթիայի շուկայի շրջակայքը և մի շարք այլ վայրեր նույնպես հանդիսանում են մարմնավաճառների «կանգնելու տեղը»: Նրանց թիվը տարեցտարի աճում է:

Ըստ Ոստիկանության տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում հաշվառման է վերցվել 933 մարմնավաճառ:

Առողջապահության նախարարության Մաշկավենարաբանական կենտրոնի փոխտնօրեն Սամվել Կիրակոսյանի խոսքերով, մարմնավաճառների թվի մեծացման հետ ավելանում է նաև սեռական վարակների տարածվածության մակարդակը։ «Մարմնավաճառները ստուգվում են մեզ մոտ։ Եթե վարակ ենք հայտնաբերում, ապա պնդում ենք, որ նրանք բուժում անցնեն, սակայն ոչ բոլորն են, որ ուզում են բուժվել»,- ասում է Սամվել Կիրակոսյանը: Վերջինիս հաղորդած տվյալներով՝ մաշկավեներաբանական կենտրոն դիմած մարմնավաճառների 50 տոկոսից ավելին վարակված է լինում սեռական հիվանդություններով, բայց նրանց միայն 60 տոկոսն է, որ վերջնական բուժում է ստանում:

Արման Ղարիբյան

«3 Միլիոն»