Eurasianet.org կայքը հրապարակել է Սեմ Բուտիայի հոդվածը՝ Վրաստան․ ռուսական տուրիստական էմբարգոյից կրած կորուստների հաշվարկ, որում խոսվում է Վրաստանի նկատմամբ ռուսական էմբարգոյի և դրա նյութական հետևանքների մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
Վրաստանի տնտեսության կախումը զբոսաշրջության ոլորտից գնալով մեծանում է, իսկ զբոսաշրջության ոլորտինը՝ ռուսներից։ Ռուսական զբոսաշրջային էմբարգոյից կրած վնասը կարող է կազմել հարյուր միլիոնավոր դոլարներ։
Վրաստանի նկատմամբ ռուսական էմբարգոն ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչքան մեծ և շարունակաբար աճող դեր ունի զբոսաշրջության ոլորտը Վրաստանի տնտեսության մեջ, և ինչ վնաս կարող է հասցնել ռուս զբոսաշրջիկների կորուստը։
Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (WTTC) տվյալներով՝ Վրաստանի ՀՆԱ-ում զբոսաշրջության ներդրումը 2018-ին կազմել է 33,7 տոկոս (այս թիվը ներառում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ներդրումը)։ Դա զգալիորեն բարձր է, քան աշխարհում միջին ցուցանիշը (10,4 տոկոս)։ Հայաստանում, օրինակ, այս ցուցանիշը 16 տոկոս է, իսկ Ադրբեջանում՝ 13 տոկոս։ Նույնիսկ Թաիլանդում զբոսաշրջության բաժինը ՀՆԱ-ում ընդամենը 21 տոկոս է։
Զբոսաշրջությունը զգալի ներդրում ունի նաև աշխատատեղերի ստեղծման մեջ։ WTTC-ի վիճակագրության համաձայն՝ 2018-ին Վրաստանում զբոսաշրջությունը ուղղակի և անուղղակի «կերակրել է» 519 700 աշխատողի, ինչը կազմում է երկրում աշխատատեղերի ընդհանուր թվի 23 տոկոսը։ Այս թիվը ևս զգալիորեն բարձր է աշխարհում միջին ցուցանիշից (10 տոկոս)։
Վրաստանի՝ զբոսաշրջության ոլորտի պատասխանատու պետական գերատեսչության տվյալները ևս վկայում են երկրի տնտեսությունում այդ ոլորտի կարևոր դերի մասին։ Ըստ գերատեսչության տվյալների՝ զբոսաշրջության ուղղակի ներդրումը կազմել է ՀՆԱ-ի 7,6 տոկոսը և ապահովել է 3,2 միլիարդ դոլար դրամական մուտք։
Պատճառների մի ամբողջ շարք կա կարծելու, որ ռուսական զբոսաշրջային էմբարգոն կարող է Վրաստանի տնտեսության վրա նշանակալի ազդեցություն ունենալ։ Ռուսաստանը զբոսաշրջիկների ամենախոշոր «մատակարարներից» է․ 2018-ին Վրաստան այցելած 8,7 միլիոն միջազգային հյուրերից 1,4 միլիոնը (16,2 տոկոսը) ժամանել է ՌԴ-ից։
Վերջին տարիներին այցելուների թվի աճի մեջ էլ Ռուսաստանի բաժինը մեծ է։ Միջազգային հյուրերի ընդհանուր թիվը 2013-ից 2018-ը աճել է 51,3 տոկոսով։ Հենց այդ նույն ժամանակ ՌԴ-ից այցելուների թիվը աճել է ավելի քան երկու անգամ՝ 606 668-ից մինչև 1,4 միլիոն։ Միայն 2017-ից 2018-ը ռուս զբոսաշրջիկների թիվը աճել է 23,8 տոկոսով։
Ամբողջությամբ՝ civilnet.am