46-ամյա Լիզա Լին անգլիական Սթոնի Սթանթոն գյուղից (Լեսթերշիրի կոմսություն) ամուսնուց՝ 51-ամյա Մարթինից, արտասովոր նվեր է ստացել՝ երիկամ։
Ինչպես պատմում է Leicestershire Live պարբերականը, Լիզան մանկուց տառապում էր երիկամների զարգացող հիվանդությունից։ Նա ձգձգում էր վիրահատությունը մինչեւ երիկամային անբավարարության վերջին փուլը։ Այդ ընթացքում նրա մոտ այնպիսի շնչահեղձություն էր առաջանում, որ դժվարանում էր բարձրանալ աստիճաններով։
Նրան երիկամի փոխպատվաստում էր հարկավոր, եւ նրա համար դոնոր դարձավ ամուսինը։
Վիրահատությունը կատարվեց Լեսթերի հիվանդանոցում, որտեղ տարեկան երիկամի մոտ 120 փոխպատվաստում են կատարում։ Սկզբում մի քանի ստուգումներ անցկացվեցին, որպեսզի համոզվեն, որ Մարթինը կարող է դոնոր հանդիսանալ, այսինքն՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես պատրաստ է դրան։
Լիզան ասել է, որ Մարթինը արիաբար սպասում էր վիրահատությանը, այն դեպքում, երբ ինքը որոշ լարվածություն էր զգում։ Վիրահատությունը հաջող անցավ, եւ հիմա թե՛ դոնորը, թե՛ օրգանն ստացողը իրենց լավ են զգում։ Իհարկե, Լիզան ստիպված է դեղեր խմել, որոնք կկանխեն նրա օրգանիզմի կողմից դոնորական երիկամի չընդունումը, բայց ընդհանուր առմամբ նա հիանալի է զգում եւ հույս ունի, վերջապես, նորմալ կյանքով ապրել։
Վիրահատությունից հետո Լիզան ամուսնուն բացիկ է նվիրել՝ «Նա գողացավ իմ սիրտը, իսկ ես գողացա նրա երիկամը» ընծայագրով։