Երևան-Արտաշատ մայրուղու վրա գործարարի կողմից կառուցվում է 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա։ Մեկնարկել են կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը:
Օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անձամբ է ծանոթացել տարվող աշխատանքներին: Գյուղացիական տնտեսությունների և անհատ գյուղացիների համար ստեղծվում է բերքի իրացման առավել դյուրին և արդյունավետ միջավայր։ Ծրագրով նախատեսվում են կառուցել գյուղմթերքի համար նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, ինչպես նաև հյուրատուն։
«Ներդրողը պարտավորվում է առաջին մեկ տարում գյուղացիական տնտեսություններին տաղավարները տրամադրել անվճար։ Շուկան, գտնվելով «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչների գյուղմթերքի իրացման և գնումներ կատարելու համար»,-տեղեկացնում են մարզպետարանից:
Նախատեսվում է շուկան շահագործման հանձնել մինչև տարեվերջ։