Միացյալ Նահանգներում պատմության ուսուցիչ Ջեֆ Ակորին քննադատել են այն բանից հետո, երբ նա ասել է, որ Ադոլֆ Հիտլերն իր սիրած պատմական անձնավորությունն է, գրում է lenta.ru-ն:
Ակորի մեջբերումը տեղ է գտել ավարտական ալբոմում՝ այլ ուսուցիչների մեջբերումների կողքին: Ուսուցչի խոսքով՝ Հոլոքոստից առաջ Հիտլերը շատ լավ բաներ է արել Գերմանիայի բնակիչների, այդ թվում ՝ երիտասարդության համար։
Ակորը Հիտլերին անվանել է «աշխարհի մեծագույն հռետորներից մեկը», ինչպես նաև հավելել է, որ «նա բազմաթիվ փորձեր է ձեռնարկել, որպեսզի Գերմանիան մեծ տերություն դառնա»: Բացի այդ, ուսուցիչը նշել է, որ Հիտլերը շատ դժվարություններ է ունեցել կյանքում:
Դպրոցի աշակերտները, նրանց ծնողները և սոցցանցերի օգտատերերը վրդովվել են ուսուցչի խոսքերից։
Ուսումնական հաստատության ներկայացուցիչները բացատրել են, որ ուսուցչի խոսքերը դուրս են մնացել համատեքստից:
«Նա Հիտլերի անձը դիտարկել է պատմության տեսանկյունից և հավանություն չի տվել նրա արարքներին»,- նշում են հաստատությունում:
Հաստատության ղեկավարությունը խոստացել է, որ ավարտական ալբոմում Ակորի խոսքը կզետեղվի ամբողջությամբ, որպեսզի նրա միտքը հասանելի լինի և թյուրընկալումների տեղիք չտա: