Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) ԱՄՆ-ի Իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը հուլիսի 3-ին որոշել է ուժի մեջ թողնել ավելի վաղ կայացված վճիռները, որոնք արգելում են Պենտագոնի բյուջեից միջոցների տրամադրումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Վճիռը հրապարակվել է դատարանի կայքում:
Այն մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությունը, որը փորձում էր վիճարկել Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի դաշնային դատարանի որոշումները, որոնք կայացվել էին մայիսին և հունիսին: Դրանցում ասված էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը չի կարող Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության բյուջեից միջոցներ ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար առանց ԱՄՆ-ի Կոնգրեսի համաձայնության:
Այսպիսով, դաշնային դատարանը բավարարել է մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների և ԱՄՆ-ի մի շարք նահանգների իշխանությունների հայցերը, որտեղ նահանգապետերը դեմոկրատներ են: Վերաքննիչ դատարանի վճռում նաեւ ընդգծված է, որ այն որոշումները, որոնք վերաբերում են տվյալ միջոցների տրամադրմանը, պետք է ընդունեն ԱՄՆ-ի Կոնգրեսի օրենսդիրները: Միացյալ Նահանգների ղեկավարը ձգտում է հիշյալ նպատակի համար մոտավորապես 2,5 միլիարդ դոլարի հատկացման հասնելու Պենտագոնի միջոցներից: