Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժկական կենտրոն են դիմել Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, քաղաքացիները հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։
Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»:
Հիվանդները կերել են իրենց կողմից անտառից հավաքված, ըստ իրենց՝ «շամպինիոն» տեսակի սունկ:
Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից երկուսը նույն օրըդուրս է գրվել, մյուսները գտնվում են ընդհանուր բաժանմունքում, շարունակում են բուժումը: Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:
Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.
- սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
- չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
- ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
- սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
- չուտել հում սունկ,
- երեխաներին չկերակրել սնկով,
- աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
- թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
- չզբաղվել ինքնաբուժմամբ։