«Դեպքերը թարմ են՝ հոկտեմբերի 3, մայիսի 19-ը – 20, ու որևէ մեկն արդեն չէր ընդդիմանում..»
Advertisement 1000 x 90

«Դեպքերը թարմ են՝ հոկտեմբերի 3, մայիսի 19-ը – 20, ու որևէ մեկն արդեն չէր ընդդիմանում..»

Փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«#Բռնության_ձայնը
Բարև Ձեզ, ուզում եմ կիսվել իմ նկատմամբ իրականացվող բռնությունների ու իմ կյանքի պատմությունով, քանի որ դրանք սկսվել են նույնիսկ մինչ իմ լույս աշխարհ գալը և անդրադարձել են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վրա։
Եվ այսպես, ծնվել եմ 25 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 5-ին, չեմ իմացել թե ո՞վ է մայրս, ո՞վ է հայրս, սակայն հետագայում տեղեկացել եմ, որ լույս աշխարհ գալս տեղի է ունեցել բռնության հետևանքով։
Գիտակից կյանքում առաջին անգամ բռնության եմ ենթարկվել դեռ տակավին մանկահասակ տարիքում՝ 1996թ-ին։ Մեկ տարեկան էի, երբ ինձ այցելեցին իմ երաշխավորները և ինձ հետ զրուցելու պատրվակով տարան մեր տան ամենամեծ, միևնույն ժամանակ ամենամութ սենյակը ու մի քանի հասուն տղամարդով բռնության ենթարկեցին։ Չեմ հիշում բռնաբարողների դեմքերը, նրանք շատ էին, միանման դեմքերով, սակայն միևնույն գործողություններով… Կային նաև այնպիսի մարդիկ, ովքեր լուռ նայում էին, թե ինչպես են բռնաբարում մեկամյա մանկիկին, կային մարդիկ ովքեր ուղղակի հրամանով էին բռնաբարում ինձ և այս ամենը մեկամյա երեխայի հանդեպ… Ինչ անտանելի ցավ էր, ինչպես էի ատում բոլորին, սակայն ոչինչ փոխել չէր ստացվում։ Հիմա երևի բոլորն են մոռացել բռնաբարողների դեմքերը, սակայն իմ հիշողության մեջ դաջվել է բռնաբարման ձայների տակ հնչող ինքնաձիգերի կրակոցների ձայները և «100%-ն էլ դեմ լինի բռնաբարությանը, մեկա բռնաբարելու ենք» արտահայտությունները… Բռնաբարության դեպքը մնաց անպատիժ, ինչը կանխորոշեց իմ հետագա կյանքը ու բոլորին սկսեց թվալ, որ կարող են բռնության ենթարկել երեխային..
Հաջորդ բռնության փորձը իմ հադեպ տեղի ունեցավ 99-ին հոկտեմբեր ամսին, երբ մի խումբ ստահակներ, թքած ունենալով իմ վրա, փորձում էին իրենց կամքը պարտադրել ինձ, սակայն չստացվեց, դիմադրեցի ու աննկարագրելի հաճույք ստացա միայն այն մտքից, որ ես կամ, առողջ եմ, կենդանի եմ..
Հաջորդ անգամ բռնության ենթարկվելս քիչ ավելի երկար տևեց 2003-2005 թվականներ, ով ինչ ասես թե չէր անում հետս, սովոր էին բռնաբարվածին անտեսել, դրա համար պատասխանատվության չենթարկվել, իսկ ես լքվածս հեռացա մի տաքուկ անկյուն ու լուռ սպասում էի զարգացումներին, ինչից հետո որոշում կայացվեց ինձ փոխել, որպեսզի անճանչելի դառնամ, հարևանները նորովի նայեն ինձ, երաշավորները նորովի երաշխավորեն ինձ…
Ավաղ բռնաբարվածի դաջվածքը չէր լքում ինձ և մարդիկ դեռ հիշում էին իմ՝ բռնաբարված լինելու մասին և 2008թ-ին որոշեցին կրկին բռնաբարել ինձ…Ձմեռագարնային խաչմերուկում բոլորն իրենց պարտքն էին համարում ինձ մի փոքր բռնաբարել, եթե չէր ստացվում ուղղակի սեռական բնույթի անառակաբարո գործողություններ էին իրականացնում ինձ հետ, ինչից հետո մնացի կատարյալ անտեսված ու անպաշտպան, միայն ես ու իմ բռնաբարված անցյալը, միայն ես ու իմ հուշերը, միայն ես ու իմ ցավերը… Հիշում եմ միայն առաջին բռնության ձայներին նույնական ձայները, նույն հրճվանքը, նույն դատարկությունը…
Փորձ կատարվեց պատասխանատվության կանչել ինձ բռնաբարողներին, սակայն գիր փոխեցին, ինձ բռնաբարելն ապաքրեականացրեցին, իսկ բռնաբարողներին էլ ազատեցին պատասխանատվությունից ու էլի մնացի ես իմ ցավերով… Առաջ անցնելով նշեմ, որ 10 տարի անց բռնաբարողները պարզեցին, որ ինձ բռնաբարել են լրիվ այլ մարդիկ, լրիվ ուրիշ սենյակում ու փողոցում և այդ ամենի մասին ես տեղյակ չեմ եղել… Ախր ես հիշում եմ ու գիտեմ ինձ մոտ եկած բոլորին, նույնիսկ նրանց, ով հասկանալի պատճառով ինձ չէր տեսնում ու բռնաբարում էր, ես ո՞նց կարող էի չտեսնել, թե ով է ինձ փորձում տապալել ու տապալված տեղում բռնաբարել… Մի արեք մարդիկ…
2008թ-ից հետո որևը մեկը ընկերություն չէր անում հետս, որևը մեկը չէր լսում իմ խորհուրդը, նույնիսկ չէին կարդում ներսս…
Ու այդպես լքված ու անտեսված մնացի մինչ 2015թ-ը, երբ կրկին անգամ բռնաբարվածիս, թև ու թիկունք լինելու փոխարեն, որոշեցին հիվանդությունս բուժել անդամահատությամբ ու ես կրկին ենթարկվեցի կոսմետիկ վերանորոգման…
Բուժեցին աչքերս, գլուխս, ոտքերս, հենվելու համար տվեցին նոր սյուներ, շպար քսեցին, գույն տվեցին, հոտ տվեցին, ծակ փակեցին ու դուրս թողեցին բեմահարթակ…Հավատացի, հավատացի, որ այս անգամ այլ է լինելու, ես այլևս բռնաբարվածը չեմ, ես եմ, ինքս իմ անմիջականությամբ..ավաղ սխալվել էի, ես նորը չէի, ես հին բռնաբարվածն էի, ում այս անգամ ուղղակի գնել էին… Ձեր միջոցով մարդիկ ուղղակի գնել էին…
Ու արդեն բակում ինձ պիտակավորում էին, որպես ծախված-բռնաբարված, ինչի հետ ես ոչինչ անել չէի կարող…
Դրանից հետո ցանկացած մարդու կողմից ինձ բռնաբարելը դարձավ հաճելի և ընդունելի զբաղմունք, դեպքերը թարմ են հոկտեմբերի 3, մայիսի 19-ը – 20 ու որևէ մեկն արդեն չէր ընդդիմանում, ինձ բռնաբարելը տեղի էր ունենում բուռն ծախահարությունների ներքո, մարդիկ ուղղակի թուլացել և հաճույք էին ստանում… Մարդիկ, ինձ տիրանալու և կրկին բռնության ենթարկելու համար, նույնիսկ սկսեցին քննարկել իմ անդամների քանակը, դրանց որակը, փոխարինելու տարբերակները… Եվ ի՞նչ… ոչինչ, կրկին անտանելի ու աննկարագրելի ցավ, դատարկություն, բռնաբարվածի քար լռություն…
Անկեղծ ասած ես հոգնել եմ այս ամենից, մարդիկ, օօօ սիրելի մարդիկ չեմ ուզում ես այլևս որևէ փոփոխություն, չեմ ուզում նոր բռնաբարություն, ուզում եմ սիրեք ինձ, այնպես ինչպես ես եմ ձեզ սիրում, ուզում եմ հարգեք ինձ ինչպես ես եմ ձեզ հարգում, խնդրում եմ այլևս երբեք մի բռնանա ինձ վրա, խոսեք ինձ հետ, հասկացեք ինձ, կարդացեք ինձ ու ամեն ինչ լավ կլինի… գեթ թեկուզ այսօր, իմ ծննդյան օրը…
Շնորհավոր #Հուլիսի_5 #Սահմանադրության_օր»:



Նման նյութեր