Հասմիկ Կարապետյանն այսօր դառնում է 42 տարեկան։ Երգչուհին տարեդարձը նշել չի սիրում, սակայն ասում է, որ կարողանում է ամեն տարի յուրահատուկ անցկացնել օրը: Tert.am Life–ը Հասմիկի հետ զրուցել է այսօրվա ծրագրերի, ամուսնու անակնկալի և երբևէ ունեցած ամենահիշարժան տարեդարձի մասին։
«Այսօր չեմ նշելու տարեդարձս, որովհետև դեռ ամիսներ առաջ այս օրը նշանադրության մասնակցելու հրավեր էի ստացել և խոստացել էի գնալ։ Իհարկե, կարծում եմ՝ այնտեղ կանդրադառնանք իմ տարեդարձին, բայց, որպես այդպիսին, հատուկ չեմ նշելու օրը»,- ասաց Հասմիկն ու հավելեց, որ տարեդարձ նշել առհասարակ չի սիրում։
Ըստ երգչուհու՝ չնայած տարեդարձը չնշելու իր ցանկությանը, ամեն դեպքում, ամեն անգամ օրը յուրահատուկ է անցկացնում․ «Ամեն տարի յուրովի է իր տխրությամբ, ուրախությամբ, մենակությամբ ու, գուցե, ընկերակցությամբ։ Չեմ սիրում տարեդարձներս, որովհետև մեծանալու փաստն ինձ բարկացնում է»։
Հասմիկն ասաց, որ այս տարի առաջին շնորհավորնքները ստացել է սոցցանցային էջում, վիրտուալ տիրույթից դուրս առաջին շնորհավորանքը եղել է ամուսնու կողմից։
«Քանի որ աշխատանքային օր է, ամուսինս դեռ միայն ծաղկեփնջի տեսքով է հասցրել անակնկալ մատուցել ինձ: Ամեն ինչ նախապես ծրագրել էր, ավելի ուշ նա աշխատանքի գնաց: Բնականաբար, ընթացքում կլինեն անակնկալներ ու նվերներ»,- նշեց Հասմիկը։ Ի դեպ, ամուսինը՝ Շանթ Քիրմիզյանը, երգչուհուն շնորհավորել էր նաև համացանցում՝ տեղադրելով համատեղ լուսանկար և գրելով, թե այս տարի ևս մեկ երեխա պետք է ունենան։
Հասմիկից հետաքրքրվեցինք՝ երկրորդ անգամ մայրանալ պատրաստվո՞ւմ է։ «Երկրորդ բալիկ ունենալն ամուսնուս ցանկությունն է, բայց առայժմ որևէ կապ չունի իրականության հետ։ Ես չեմ կարող ասել, թե ինչպես կլինի, Աստված ինչպես կամենա, դա էլ կլինի, բայց, եթե անկեղծ, ես երկրորդ բալիկ ունենալու ցանկություն չունեմ։ Տաթևս ինձ բավարար է»,- ծիծաղելով ասաց Հասմիկը։
Ամբողջությամբ՝ life.tert.am