«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հուլիսի 5-ին հաղորդագրություն է տարածել.
«Սահմանադրության օրը մենք դիմավորում ենք արհեստականորեն ստեղծված խնդրով, որը մամուլը և քաղաքական դաշտը կոչում են ՍԴ շուրջ ստեղծված վիճակ։ Իրականում, սահմանադրական ճգնաժամի մասին դատողություններն անհիմն են և հորինված են բոլորովին այլ նպատակներով:
Չկա ՍԴ ճգնաժամ, դա հորինվել է քաղաքական մոտիվացիայով։ Եվ եթե հաղթի այդ գիծը, ապա հանգեցնելու է իրավական նիհիլիզմի և անկանխատեսելի ցնցումների: Սահմանադրությունը երկրի գլխավոր օրենքն է, և մենք պարտավոր ենք այն հարգել, հետևել Սահմանադրության դրույթներին:
Դրանով է նաև բնորոշվում իրավական պետությունը: Սահմանադրության գերակայության ապահովումը սահմանադրական արդարադատության միջոցով իրականացնում է Սահմանադրական դատարանը, հետևաբար, Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորումը մեր պետության գերխնդիրը պետք է լինի:
Չի կարելի այն վերածել քաղաքական կցորդի, դարձնել քաղաքական շահարկումների առարկա: Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ՍԴ կողմից որոշումներ ընդունելու կարողությունը չի կարող կախված լինել որևէ այլ պետական մարմնից կամ պաշտոնատար անձից:
ՍԴ լեգիտիմությունը չի կարող կախված լինել քաղաքական իշխանությունից, նույնիսկ բարձր վարկանիշով ղեկավարներից, նույնիսկ այս պահի հանրային ընկալումներից:
Ցավում եմ, բայց Սահմանադրության օրը մենք նշում ենք հակասահմանադրական քայլեր անելու նկատվող ցանկությամբ։ Թույլ տալ սա, նշանակում է թույլ տալ հաջորդ վտանգավոր զարգացումները»։