ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային ինստիտուտ։
Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ինստիտուտի փոխտնօրեն Նգյուեն Հա Թանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է ինստիտուտի մանկական բաժնում, շփվել բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել հայկական ձեռագործ տիկնիկներ, հայկական խորհրդանիշերով այլ հուշանվերներ։ «Ես մաղթում եմ ձեզ առողջություն, ուզում եմ, որ դուք միշտ ժպտաք ու արագ հաղթահարեք բոլոր դժվարությունները։ Հայաստանում այս ձեռագործ տիկնիկները պատրաստել են ձեզ համար մեծ սիրով և ես հույս ունեմ, որ այս տիկնիկները ձեզ ուրախություն կպարգևեն»,- ասել է Աննա Հակոբյանը։
Ավելի ուշ Նգյուեն Հա Թանի և ինստիտուտի բժշկական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունը։ «Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին հաղթահարել հիվանդությունը։ Հենց դա է պատճառը, որ տարբեր երկրներ այցելությունների ժամանակ անպայման այցելում եմ նմանօրինակ կենտրոններ, որպեսզի Ձեր հաջողված փորձը տանեմ Երևան»,- ասել է Աննա Հակոբյանը՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը։
«Շնորհակալ ենք Ձեր այցի և այն նվերների համար, որ դուք բերել եք մեր երեխաներին։ Մենք միշտ համարել ենք Հայաստանը բարեկամ երկիր և մենք էլ լիահույս ենք, որ այս այցը կնպաստի ապագա համագործակցությանը»,- ասել է Նգյուեն Հա Թանը։
Արյան փոխներարկման ազգային ինստիտուտում տարեկան բուժում է 1200 պացիենտ, ևս 3000 պացիենտ բուժումը ստանում է տան պայմաններում։ Ինստիտուտում հիվանդությունը հաղթահարում է հիվանդների 80 տոկոսը։