Black Star լեյբլի համար խորհրդանշական 13 թիվը այս ամիս առանձնահատուկ կլինի նաև Տիմատիի հայ երկրպագուների համար․ հուլիսի 13-ին Տիմատին կժամանի Երևան, նույն օրը՝ ժամը 19:00-ին, կկայանա Black Star burger-ի պաշտոնական բացումը: Ստեփան Շահումյանի անվան հրապարակում ռեփերը 1000 երկրպագուի կհյուրասիրի բուրգեր, այնուհետև հանդես կգա համերգով: Երևանում գործող Black Star Burger-ի մարկետինգի մենեջեր Յուրի Մինասյանն այս մասին առաջին մանրամասները վստահեց Tert.am Life-ին:
Թե քանի երգ կերգի կատարողը, Յուրիի խոսքով, կախված է ներկաների տրամադրությունից ու տրամադրվածությունից: «Եթե արձագանքը ջերմ ու ակտիվ լինի, կշարունակի երգել: Երգերի հստակ քանակ չգիտենք: Բացման արարողության մուտքն ազատ է բոլորի համար: Տիմատին պատահականության սկզբունքով կընտրի, թե առաջինն ում կհյուրասիրի իր ձեռքով պատրաստված բուրգերը: Նա կընտրի ամենաակտիվներից մեկին: Ծրագիրը նախատեսում ենք մոտ մեկ ժամ, որի ընթացքում նաև մրցույթներ ենք անելու սիրահարների համար: Հաղորդավարները Մգեր Արմենիան ու Եգոր Գլումովն են»,- ասաց Յուրին ու հավելեց, որ լեյբլի արտիստներից հստակ է միայն Տիմատիի այցը, մյուս արտիստների գալ-չգալու հարցն առայժմ քննարկվում է՝ հաշվի առնելով նրանց ծանրաբեռնված գրաֆիկը: Այդ օրը կերգի նաև Սրբուկն ու այլ հայ հայտնիներ:
Վերջինս նշեց, որ Տիմատին բուրգերներ պատրաստելու է հենց բեմում՝ պահպանելով սանիտարահիգենիկ բոլոր պայմանները: «Իհարկե, նա մենակ չի լինելու՝ մեր խոհարարներն ու մյուս աշխատակիցները ևս կլինեն, որպեսզի պրոցեսն արագ կազմակերպվի»,- ասաց Յուրին: