«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հարյուր հազարավոր այցելուների համար էքսկուրսիաները կդառնան վճարովի, իսկ մուտքը կշարունակի մնալ անվճար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
«Մեր թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ և այժմ ֆինանսավորման այլ աղբյուրներ ունենալու անհրաժեշտություն կա: Հիմնական ծախսերը ֆինանսավորում է պետությունը, սակայն դա հերիքում է աշխատավարձերն ու կոմունալ ծախսերը հոգալու համար: Ծրագրերի, ցուցահանդեսների, մեծ թվով այցելուներ ընդունելու համար մեզ պետք են մեծ թվով ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, որոնք պետք է ինքներս գտնենք»,- նշեց Մարությանը:
Նրա խոսքով՝ իրենք դիմում են բարերարների, սակայն որոշել են նաև այս կերպ ֆինանսներ ձեռք բերել, ինչն ընդունված է ամբողջ աշխարհում:
«Մեզ մոտ էքսկուրսիաներն անց են կացվում հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով և մշտապես եղել են անվճար: Այժմ մուտքավճարը կշարունակի մնալ անվճար, իսկ էքսկուրսիաները մինչև 25 հոգանոց 1 խմբի համար կլինի մոտ 5000 դրամ: Հայերենով էքսկուրսիաները կլինեն մոտ 2500 դրամ»,- ընդգծեց թանգարանի տնօրենը և հավելեց, որ ուսումնասիրություն են անցկացրել Հայաստանի այլ թանգարաններում և իրենք էլ ընդունել են նույն գները:
Մարությանի պնդմամբ՝ էքսկուրսիաների վճարովի դարձնելը հնարավորություն կտա տուրօպերատորներին նախօրոք ամրագրում կատարել:
Թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները տուրօպերատորներին ներկայացրին Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատանքային փոփոխությունները, ամրագրումների կարգը, նորաբաց պատկերասրահը: Հանդիպում-քննարկման ժամանակ տուրօպերատորները ևս ներկայացրին իրենց առաջարկներն, ինչպես նաև առարկությունները:
Հարություն Մարությանի խոսքով՝ 2018 թվականին թանգարանի բյուջեն եղել է 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2019 թվականին նախատեսում են դարձնել 500 հազար ԱՄՆ դոլար: