Ամառվա ընթացքում աղիքային հիվանդություններից խուսափելու համար կարևոր է շատ ջուր օգտագործել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սննդաբան Գայանե Շահխաթունին:
«Ջուրը պետք է խմել սենյակային ջերմաստիճանի և կում-կում։ Կարևոր է հենց ջուր խմել, ոչ թե ծարավն, օրինակ, ձմերուկով հագեցնել»,- նշեց նա:։
Մասնագետի խոսքով՝ աղեստամոքսային խնդիրներից խուսափելու համար նախ պետք է մթերքներն ընդունել առանձին-առանձին, ճարպերը, ածխաջրերն ու սպիտակուցները չխառնել, անհրաժեշտ է նաև սննդային համադրումները բացառել ։
«Ամենավտանգավորը՝ կաթնամթերքի և ծովամթերքի համադրությունն է: Վտանգավոր է նաև պահածոյացված և մարինացված սննդի օգտագործումը»,-ասաց մասնագետը։
Սննդաբանը նաև խորհուրդ է տալիս օրվա ընթացքում ուտել սեզոնային և թարմ մրգեր, բանջարեղեն, լավագույն դեպքում դրանք սառցախցիկում պահել, իսկ օրվա վերջում՝ ոչ բարձր յուղանությամբ և սպիտակուցներով հագեցած մեկ գավաթ մածուն կամ կաթնաշոռ։
Շահխաթունին հորդորում է կտրականապես հրաժարվել կոմպոտներից և մուրաբաներից, քանի որ շաքար պարունակող մթերքները բարձր ջերմամշակման ենթարկելիս այնպիսի թույներ են արտադրում, որոնք իրենց վնասակարությամբ գերազանցում են գազավորված հյութերին։